Հանրահավաք անցկացնելու գեթ մեկ հայտարարությունից հետո իշխանությունը ցնցակաթվածի մեջ է ընկնում. Տոնոյան

Հանրահավաք անցկացնելու գեթ մեկ հայտարարությունից հետո իշխանությունը ցնցակաթվածի մեջ է ընկնում. Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Ինձ համար առավել քան զավեշտալի է, որ հանրահավաք անցկացնելու գեթ մեկ հայտարարությունից հետո իշխանությունները կոնկրետ ցնցակաթվածի մեջ են ընկնում»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով, իշխանությունների պնդմամբ՝ ապրում են նոր Հայաստանում, խոսքի ազատության աննախադեպ ցուցանիշ պետք է որ լիներ. «Ի՞նչ է պատահել, ընդամենը հունիսի 5-ին հնչել է քննադատություն, որից հետո կոնկրետ իշխանությունների կողմից սանձազերծվել է քաղաքական հետապնման այս գործընթացը»:

Ի.Տոնոյանն ասաց, որ ԲՀԿ շարքերում որևէ խառնաշփոթ, խուճապ, արտահոսք չկա։
Նա նշեց, որ խիստ կանխատեսելի են իշխանության քայլերը, մեկը մյուսի հետևից իրականություն են դառնում:

«Իշխանությունը շատ աղոտ հույսեր է փայփայում, որ Ծառուկյանին կալանավորելով, մեր համակիրների նկատմամբ տարբեր տեսակի քրեական գործեր հարուցելով՝ կարող է կանխել այն գործընթացները, որոնք մեկնարկել եմ: Գործընթացներն այլևս անկասելի են, հասնելու են իրենց տրամաբանական ավարտին, այսինքն՝ հոկտեմբերի 8-ի համապետական հանրահավաքին»,- ասաց Ի.Տոնոյանը:

Նա չբացառեց, որ իրենց խմբակցության որևէ անդամի նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել, ինչը վկայում է իշխանությունների վախի, ցայտնոտի, անհանգստության մասին, որ բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով փորձում են լռեցնել իրենց ընդդիմախոսներին:

Ի.Տոնոյանի խոսքով, ՀՅԴ-ի, «Հայրենիք»-ի հետ ունեն շատ արդյունավետ գործակցություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում