Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն եւ ասում են՝ հիմա պիտի Գագիկ Ծառուկյանին կալանավորենք, որ չխոչընդոտի. Երեմ Սարգսյան

Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն եւ ասում են՝ հիմա պիտի Գագիկ Ծառուկյանին կալանավորենք, որ չխոչընդոտի. Երեմ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱյսքան ծավալուն քննարկումներից հետո խիստ դժվար է կարճ ժամկետում որոշում կայացնելը, չգիտես՝ ինչու դատարանը որոշեց, որ այսօր՝ 23։00-ին որոշումը հրապարակի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։

Պաշտպան Սարգսյանն անդրադարձավ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը եւ գնահատեց անօրինական որոշում. «Առաջին ատյանի դատարանն պատգամավորների կողմից արված հայտարարությունները քննիչը չի ներկայացրել, չկա դա միջնորդության մեջ, մեղադրող կողմն այս հայտարարությունը չի դրել որպես խոչընդոտման հիմք հաստատող փաստական տվյալ։ Դրան անդրադարձել է պաշտպանության կողմը, ասել ենք՝ տեսեք, ԱԱԾ-ն նախաքննական նյութը բաց նկարով ցույց է տալիս, որպեսզի հրապարակվի։ Եվ սրա հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշել է. դատարանը թույլ է տվել, որպեսզի կողմերն ինչ-որ փաստարկի վրա հղում կատարեն, սակայն չի պահանջել այս փաստաթղթերը եւ չի գնահատել սա խոչընդոտման տեսանկյունից կարեւո՞ր է, թե՞ ոչ։ Այսինքն՝ ոչ ոք բովանդակության մասին դատարանում չգիտեր, ոչ ոք կարեւոր չէր էլ համարում խոչընդոտման ռիսկ։

Վերաքննիչ դատարանը հանկարծ որոշեց, որ առաջին ատյանի դատարանը պարտավոր էր պահանջել ու գնահատել։ Այսինքն՝ այստեղ իրավական առումով լուրջ խնդիր կա. դատարանը նման իրավունք չունի։ Եթե կողմը դիրքորոշում չի արտահայտում, դատարանը չի կարող ասել՝ մի հատ գնացեք, սենց նյութ կա բերեք, դիտարկեք խոչընդոտման ռիսկ հիմնավորող»։

Սարգսյանն ասաց, որ այսօրվա դատական նիստին իրենք դատարանին հորդորել են՝ չշարունակել Վերաքննիչ քրեական դատարանի անօրինական որոշումը. «Մենք այսօր առաջին ատյանի դատարանին ասում էին՝ չնայած դատարանն այն ժամանակ անօրինական որոշում է կայացրել, դա չի նշանակում, որ դու կարող ես շարունակել։ Այսքանից հետո ասացինք՝ եկեք համարենք, որ այդ հայտարարությունները պատգամավորներն են գրել։ Սա արդյոք հիմնավորում է, որ Գագիկ Ծառուկյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, անօրինական ազդեցություն գործադրի։

Հայտարարագրում գրված է, որ անձինք ռեյտինգային կարգով ցանկանում են առաջադրվել, հայտնվել այդ ցուցակի առաջատար դիրքերում եւ դրա համար համոզմունք ունեին, որ կարող են որոշակի քանակի ձայն ապահովել եւ նշում էին՝ եթե չապահովեմ, պարտավորվում եմ հավակնություններ չունենալ»։

Հարցին՝ ըստ իրենց՝ ինչո՞վ է այդ հրատապությունը պայմանավորված, պաշտպանն ասաց. «Այստեղ ոչ թե մի դատավոր կամ մի պաշտոնատար անձ է, այլ մի ամբողջ դատական համակարգ, Վճռաբեկ դատարանով հանդերձ քուն ու դադար թողել էին եւ մտածում էին, թե երբ է այս գործը պաշտպանը ստանալու, որ թուղթը վերցնեն 3 օրվա մեջ էլ որոշում կայացնեն եւ ամսի 17-ն էլ մուտքագրում են»։

Պաշտպանը նշեց, որ միջնորդությունից անցել է 3,5 ամիս, դատարանում հարց է հնչեցվել՝ արդյոք մեղադրող կողմն ունի՞ մեկ տվյալ, որ Ծառուկյանը քրեական գործի ընթացքին խոչընդոտել է, մեղադրող կողմն էլ ասել է, որ չունեն այդպիսի տվյալ. «Ասում են՝ հիմա պիտի կալանավորենք, որ սրանից հետո չխոչընդոտի։ Մենք դատարանում հիմնավորեցինք սրա քաղաքական բնույթը։ Երբ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հայտարարություններ է անում, նրան հետեւում են քրեական գործով կոնկրետ արձագանք»։

Հիշեցնենք, որ պաշտպանները Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ-ին։ Նրանք հայտնել են, որ ունեն փաստական տվյալներ այն մասին, որ ինչ-որ պաշտոնատար անձանց անօրինական միջամտության արդյունքում «որոշվել» է, որ վճռաբեկ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է մերժի ներկայացված վճռաբեկ բողոքները, որպեսզի դատական գործը շատ արագ մուտքագրվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հնարավորինս արագ կարգով քննություն իրականացվի եւ Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է ապօրինի։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ծառուկյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել ԱԺ, որը բավարարվել էր։

Սակայն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Ըստ առաջին ատյանի դատարանի որոշման՝ հիմնավոր կասկածն առկա էր։ Այս որոշումը Վերաքննիչ էին բողոքարկել երկու կողմն էլ. դատախազությունը պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կալանավորել Ծառուկյանին, իսկ փաստաբաններն էլ մի քանի բողոք էին ներկայացրել, որոնցից մեկն այն էր, թե գործն ըստ օրենքի պետք է ՀՔԾ-ում քննվեր։

Նշենք, որ վերաքննիչը մերժել էր փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքն էլ մասնակի բավարարել՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը եւ ուղարկել նոր քննության։

Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմն ու գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք էին ներկայացրել։ Հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել կողմերի բողոքները։

Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ԱԺ նախկին մի քանի պատգամավորներ, որոնց թվում են՝ Աբրահամ Մանուկյանը, Վանիկ Ասատրյանը եւ Սեդրակ Առուստամյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում