«Նավալնիի հետ կապված միջադեպը կարող էր բեմադրություն լինել». ՌԴ ԱԳՆ

«Նավալնիի հետ կապված միջադեպը կարող էր բեմադրություն լինել». ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի վատթարացման և ավելի ուշ «Նովիչոկ» խմբից նյարդապարալիտիկ նյութով թունավորման մասին վարկածների հետ կապված իրավիճակը կարող էր բեմադրություն լինել: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Գերմանիայի գործողություններն այնքան սահուն էին, որ դա սկսել է բազմաթիվ հարցերի տեղիք տալ այն մասին, թե արդյո՞ք մենք գործ չունենք քիմիական զենքի միստիկ կիրառման վերաբերյալ հերթական բեմադրության հետ, բայց այս անգամ ոչ թե Սիրիայում և Մեծ Բրիտանիայում, այլ Ռուսաստանում»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Նախարարությունում ընդգծել են, որ նման ենթադրությունների հիմքում ընկած են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ Նավալնիին Գերմանիա բուժման տեղափոխելու օպերատիվ պատրաստակամությունը, նրա տեղափոխման ժամանակ Բունդեսվերի ներկայացուցիչների և ռազմական գերատեսչության մասնագիտացված ավտոտրանսպորտի ներկայությունը, ինչպես նաև բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ներգրավումը:

Նախարարության կարծիքով՝ Գերմանիան միտումնավոր քաղաքականացրել է միջադեպը, որպեսզի Ռուսաստանին մեղադրի քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի խախտման համար։

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել էին շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում