ՀՅԴ. Անթույլատրելի և դատապարտելի է իշխանությունների այս արատավոր գործելաոճը

ՀՅԴ. Անթույլատրելի և դատապարտելի է իշխանությունների այս արատավոր գործելաոճը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը տարածել է հայտարարություն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ.

«Հայաստանը հայտնվել է բախտորոշ շրջափուլում. իշխանությունները երկիրը կանգնեցրել են արտաքին և ներքին լրջագույն սպառնալիքների առջև։ Մեր պետականությունը խաթարող մարտահրավերները համազգային միասնականությամբ դիմագրավելու փոխարեն՝ իշխանությունները սաստկացրել են ընդդիմադիր քաղաքական ուժերին և ընդդիմախոսներին իրավունքի ոտնահարմամբ լռեցնելու, հանրությանը պառակտելու, քննադատությանը բացառապես վրեժխնդրությամբ և անձնական վիրավորանքներով արձագանքելու, բոլոր հնարավոր միջոցներով քաղաքական հալածանքներն ու հաշվեհարդարները շարունակելու գործելաոճը:

Այս գործում քաղաքական իշխանությունը ամբողջությամբ ներգրավել է ՀՀ դատախազությանը, որի ակնառու վկայությունն է վերջինիս կողմից իշխանության քաղաքական պատվերները չկատարած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացները:

ԲՀԿ առաջնորդին կալանավորելու մասին հապշտապ որոշումը իշխանությունների արատավոր ուղեգծի դրսևորումներից է, որով փորձ է կատարվում թանձրացնել վախի մթնոլորտը և հասարակական տրամադրությունները շեղել իշխող վարչակարգի` բոլոր ոլորտներում արձանագրած ձախողումներից: Անթույլատրելի և դատապարտելի է իշխանությունների այս արատավոր գործելաոճը: Պահանջում ենք դադարեցնել իրականացվող քաղաքական հետապնդումները, փոխել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապօրինի կիրառված խափանման միջոցը:

Ընդդիմադիր քաղաքական ուժերի և ընդդիմախոսների քաղաքական հալածանքները չդադարեցնելու դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է իշխող ուժը:

ՀՅ Դաշնակցությունը համախոհ քաղաքական ուժերի հետ շարունակելու է ազգային-պետական օրակարգերի շուրջ հանրության համախմբման աշխատանքները:

Ս. թ. հոկտեմբերի 8-ին եռյակի նախաձեռնած համապետական հանրահավաքը նոր որակի իշխանության ձևավորման կարևորագույն հանգրվանն է:

Համոզված ենք, որ հանրային համախմբմամբ է հնարավոր դիմագրավել մեր պետականությանն ուղղված բացահայտ սպառնալիքները»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում