ԱՄՆ հայտարարությունները հիմնված են իրադրության վերլուծությունների և նրանց տիրապետած տեղեկատվության վրա

ԱՄՆ հայտարարությունները հիմնված են իրադրության վերլուծությունների և նրանց տիրապետած տեղեկատվության վրա

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  Panorama.am: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է զգոնություն պահպանել և զգուշություն ցուցաբերել` Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում բարձր լարվածության և վերջերս տեղի ունեցած բռնությունների պատճառով: Համանման հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը՝ հորդորելով դուրս չգալ Աբշերոնի թերակղզուց։

Panorama.am-ը դիմեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ԱՄՆ դեսպանատների հայտարարությունը։

Տ.Աբրահամյան- Մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը բավականին սրվել է և ԱՄՆ դեսպանատան Հայաստանում և Ադրբեջանում տարածած հաղորդագրությունները պետք է դիտարկել այդ տրամաբանության մեջ: Սակայն Միացյալ նահանգները պետք է հիշեն նաև իրենց հանձնառությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ակտիվացնելու իրենց ջանքերը՝ իրադարձությունները բանակցությունների սեղան վերադարձնելու համար: Տևական ժամանակ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանին ու Արցախին սպառնում են պատերազմով, իսկ համանախագահ երկրները և հատկապես ԱՄՆ-ն որևէ լուրջ աշխատանք իր մանդատի ներքո չի իրականացնում: Համանախագահ երկրները պարտավոր են գործուն ջանքեր գործադրել՝ կանխելու հնարավոր պատերազմը:

Հարց– Արդյո՞ք հայտարարությունը նաև մեսիջ է պարունակում իր մեջ՝ ուղղված երկու կողմերին և ի՞նչ եք կարծում, կարող է ամերիկյան կողմն ունենան այնպիսի տեղեկատվություն՝ բուն ռազմական գործողությունների հետ կապված, որն էլ հիմք է հանդիսացել նման հայտարարության։

Տ.Աբրահամյան- Բնական է, որ ԱՄՆ-ն ևս լրջորեն հետևում է մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և իր հայտարարությունները հիմնված են իրադրության վերլուծությունների և նրանց տիրապետած տեղեկատվության վրա:

Հարց- Կոնկրետ հայկական կողմը ի՞նչ հետևություններ պետք է անի այս հայտարարությունից հետո։

Տ.Աբրահամյան- Կարծում եմ, որ հայկական կողմն արդեն իսկ ստեղծված իրադրությունից հետևություններ արել է և ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունն ուղղակի լրացուցիչ ազդակ էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում