«ԼՂ շուրջ տիրող իրավիճակը պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արագ միջամտությունը». ՌԴ-ում ՀՀ դեսպան

«ԼՂ շուրջ տիրող իրավիճակը պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արագ միջամտությունը». ՌԴ-ում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԼեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արագ միջամտությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և Լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

«Հրատապ գումարման (հանդիպման) հարցը Մինսկի խմբի իրավասությունն է, բայց իրավիճակը պարզ է, և այն պահանջում է համանախագահների արագ միջամտությունը և պահանջում է նաև, որ Թուրքիան դադարեցնի տարածաշրջանների գործերում իր ագրեսիվ միջամտությունը»,-հայտարարել է դեսպանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում