Կրեմլը հակամարտող կողմերին առավելագույն զսպվածության կոչ է արել

Կրեմլը հակամարտող կողմերին առավելագույն զսպվածության կոչ է արել

Կրեմլը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ բոլոր կողմերին առավելագույն զսպվածության կոչ է անում։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է tass.ru-ն։

«Այս պահին մենք բոլոր կողմերին՝ առաջին հերթին հակամարտության կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն դրսևորել, հրաժարվել գործերի վարման ռազմական մեթոդներից, ինչպես նաև հրաժարվել ցանկացած քայլից, որը կարող է հրահրել իրավիճակի հետագա անցանկալի սրումը, որն արդեն գտնվում է ռազմական բախման փուլում», – նշել է Պեսկովը:

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհրաժեշտության դեպքում հեռախոսազրույց կունենա Ադրբեջանի ղեկավարության հետ:

«Անհրաժեշտության դեպքում շփումներ, իհարկե, տեղի կունենան»,– ասել է Պեսկովը՝ պատասխանելով ադրբեջանական կողմի հետ Պուտինի հնարավոր զրույցի մասին հարցին. կիրակի ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Միևնույն ժամանակ, Պեսկովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մշտական կապի մեջ է մտել իր գործընկերների հետ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում