Լեռնային Ղարաբաղից դուրս գալու համար հումանիտար միջանցքների ստեղծման անհրաժեշտություն չկա. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Լեռնային Ղարաբաղից դուրս գալու համար հումանիտար միջանցքների ստեղծման անհրաժեշտություն չկա. ՌԴ-ում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը РИА Новости-ին տված հարցազրույցում հերքել է այն տեղեկությունը, որ Երևանը հումանիտար միջանցքներ է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղից դուրս գալու համար: Դեսպանի խոսքով՝ նման միջոցների անհրաժեշտություն չկա:

«Գործընկերները ճիշտ չեն ներկայացրել. ես հայտարարել եմ, որ քանի որ ռմբակոծում են, այդ թվում և Ստեփանակերտը 1992 թվականից հետո առաջին անգամ, ապա օդային տագնապների ժամանակ մարդիկ պետք է գտնվեն նկուղներում և ապաստարաններում: Եվ մենք տարբերակներ ենք մշակում, թե ինչպես նման ռմբակոծությունների ժամանակ նրանց տեղափոխել ապաստարաններ, իսկ հետո վերադարձնել իրենց տներն ու բնակարանները»,- մեկնաբանել է դեսպանը:

«Բնակչության տարհանման մասին, իհարկե, խոսք չի եղել: Միջանցքների անհրաժեշտություն չկա, մենք սահման ունենք Լեռնային Ղարաբաղի հետ, այն գործում է, մարդիկ գնում են և գալիս են, ապրանքաշրջանառությունը նույնպես տեղի է ունենում»,- հավելել է դիվանագետը:

Այսօր ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակել, որ Հայաստանը տարհանման ծրագիր է մշակում Լեռնային ղարաբաղի բնակչության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում