«Ժողովուրդ». Մինչև այս շաբաթվա վերջ ՄԻԵԴ-ը կարող է դիրքորոշում հայտնել

«Ժողովուրդ». Մինչև այս շաբաթվա վերջ ՄԻԵԴ-ը կարող է դիրքորոշում հայտնել

«Մինչև այս շաբաթվա վերջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարող է դիրքորոշում հայտնել Հայաստանի կողմից դիմումների վե­րաբերյալ: Ինչպես հայտնի է, Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ, իսկ երեկ էլ ՀՀ-ն ՄԻԵԴ-ին նոր փաստեր էր ուղարկել Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման վերաբերյալ:

«Ժողո­վուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ: Նա նշեց, թե ՄԻԵԴ-ը պետք է Ադրբեջանի կառա­վարությանը հարցեր ուղարկի, ստանա պատասխաններ, ապա կլինի նաև ՀՀ պատասխանը: «Հիմա սպասում ենք դատարանի պատասխանին: Եղել է մեկ դիմում միջանկյալ միջոց կիրառելու մասին, որը նախօրեին էր ուղարկվել, իսկ երեկ ուղարկվել են նոր փաստեր Ադրբեջանի գործողությունների մասին, որոնք արդեն եղել էին օրվա ընթացքում: Դատարանը հրապարակայնորեն արդեն հայտնել է, որ ստացել է Հայաստանի դիմումը, մնում է, որ դատարանն անդրադառնա և քննարկի այդ որոշումը: Կարծում ենք, որ արագ կստացվի պատասխանը, չեմ կարող կանխատեսել, բայց հաշվի առ­նենք, որ կա քաղաքական կոմպոնենտ, պետք է սպասենք մեկ-երկու օր, և պարզ կլինի դատարանի արձագանքը», – նշեց նա:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի հարցին՝ արդյոք իրականացնում ենք գործողություններ Ադրբեջանի սան­ձազերծած պատերազմական հանցագործությանը միջազգային մակարդակով իրավական ընթացք տալու համար, վարչապետը նշեց, որ այդ ուղղու­թյամբ միջոցներ ձեռնարկվել են ու կձեռնարկվեն: Եվ, ահա, շատ չանցած՝ ՄԻԵԴ-ը մամուլի հաղորդագրություն տարածեց»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում