«Իրատես»․ Երբ որոտում են թնդանոթները, արդարություն պահանջելն անիմաստ գործ է անարդար աշխարհից

«Իրատես»․ Երբ որոտում են թնդանոթները, արդարություն պահանջելն անիմաստ գործ է անարդար աշխարհից

«Կիրակի վաղ առավոտյան արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սանձազերծված պատերազմը որոտ չէր պարզ երկնքում։ Հուլիսյան մարտերից հետո ամեն օր ռազմական փորձագետները, վերլուծաբանները գուժում էին, որ Ադրբեջանն ինտենսիվ պատրաստվում է լայնածավալ ռազմական արշավի, պատերազմի շունչ կա օդում։

Չնայած փորձագետ պետք չէր լինել հասկանալու համար, որ Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները ժամ առաջ մոտեցնում են պատերազմը։ Ավելին, Թուրքիայի գործոնը ևս վաղուց գաղտնազերծված էր, և հայկական կողմը գիտեր, որ այս պատերազմը սկսելու է թուրք-ադրբեջանական սիամական զույգը։

Իրավիճակը հստակ գիտակցում էր Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, պաշտպանական գերատեսչությունն ամենօրյա պատրաստության մեջ էր։ Քաղաքական ղեկավարությունը, կարծես, դիվանագիտական ճակատում հարցը փակել էր և խնդիրը թողել բանակին։ Սրա մասին է հուշում նաև այն, որ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները Նիկոլ Փաշինյանն անարձագանք էր թողնում։

Հիմա խնդիրը ռազմի դաշտում է որոշվում, լռել է դիվանագիտությունը, գործի է դրվել զենքը։ Դեռ վաղ է ասել, թե պարտադրված այս պատերազմից քաղաքական ինչ «ավար» կունենանք, բայց մի քանի բան պետք է միշտ հիշել. երբ միջազգային հանրությունն իր հայտարարություններում հավասարության նշան է դնում ռազմատենչ Ադրբեջանի և սե- փական հողում իր գոյության իրավունքը պաշտպանող Հայաստանի միջև, պետք չէ այդ հանրույթը թշնամի հայտարարել, ինչ է թե՝ չի մտածում քո մասին։

Նախ պիտի ինքներս մեզ հարց տանք՝ իսկ մենք նրա հետ կառուցել կամ ունե՞նք այնպիսի հարաբերություններ, որոնք կնպաստեին թացը չորից զատելուն։ Երբ ամեն անգամ փորձում ենք աշխարհին ցույց տալ, որ մեր ախոյանը քնած մարդուն կացնահարողի, խաղաղ բնակչությանը մորթողի, զինվորին գլխատողի գենետիկ կոդ ունի, ինքներս մեզ հարց տվե՞լ ենք՝ միջազգային հանրությունն ինչպե՞ս է հավատալու դրան, երբ մեր ներսում կան մարդիկ, որոնք նման դրկիցի հետ խաղաղ ապրել են փայփայում։ Չե՞ն ասի՝ մեզ ինչու՞ եք վատամարդ դարձնում, եթե ինքներդ դեռ խելքի չեք եկել։ Իսկ երբ որոտում են թնդանոթները, արդարություն պահանջելն անիմաստ գործ է անարդար աշխարհից։

Այս պահերին է երևում դիվանագիտությանդ ուժը, թե նախորդ ժամանակահատվածում քանի պետության հետ ես կարողացել ճիշտ աշխատել, քանիսին ես տևական ու հետևողական աշխատանքով համոզել քո արդարացիության մեջ։

Մի դիտարկում ևս. հայերս միշտ ցավոտ ենք արձագանքում, երբ հատկապես Ռուսաստանն է Ադրբեջանն ու Հայաստանը հավասար հարթության վրա դիտարկում, բայց խաղաղ պայմաններում ցանկանում ենք «պոկվել» Ռուսաստանից ու դառնալ եվրոպացի։ Հիմա պատերազմ է, ու մենք էլ պատերազմողի հոգեբանությամբ ենք դատողություններ անում, մինչդեռ վաղուց ժամանակն է, որ սովորենք խաղաղ օրերին մտորել, ծանր ու թեթև անել, սթափ գնահատել իրողությունները»,-գրում է թերթը:

Մանրամասերը՝ թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում