Ադրբեջանը ռազմական գործողությունների գոտում ներառում է նաև Հայաստանի տարածքը. սպանվել է մեկ քաղաքացիական անձ. ԱԳՆ

Ադրբեջանը ռազմական գործողությունների գոտում ներառում է նաև Հայաստանի տարածքը. սպանվել է մեկ քաղաքացիական անձ. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի փորձի վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Այսօր առավոտյան ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որտեղ մատնանշել էր, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության Վրադենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար: Հաշված րոպեներ անց, Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի հետևանքով սպանվել է մեկ քաղաքացիական անձ:

Արհամարհելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության շարունակական կոչերը՝ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ, ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը:

Տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի հետևողական փորձերին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում