«Դաշնակիցները պետք է անհապաղ միջամտեն ևս մի Ցեղասպանությունից խուսափելու համար»․ Հենրիխ Մխիթարյան

«Դաշնակիցները պետք է անհապաղ միջամտեն ևս մի Ցեղասպանությունից խուսափելու համար»․ Հենրիխ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am«Ռոմայի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ում անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։

«Լեռնային Ղարաբաղի դեմ դեռևս շարունակվում են ծանր ռազմական մարտերը, երկու կողմերից շատ զոհեր կան: Ռմբակոծության է ենթարկվում նաև Հայաստանի Հանրապետության տարածքը։ Սեպտեմբերի 27-ի առավոտից սկսված և քաղաքացիական բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի հարձակումը ենթակա է վճռական դատապարտման։ Բռնության և մարդկության դեմ հանցագործությունների անհապաղ դադարեցումն անհետաձգելի և կենսական նշանակություն ունի: Թուրքիան պետք է դադարեցնի այդ հարձակմանն ուղղված ցանկացած աջակցություն, ներառյալ՝ օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների հավաքագրումը հայերի վրա հարձակվելու համար»,– գրել է Մխիթարյանը։

Մարզիկը նաև կոչ է արել «միջազգային հանրությանը և դաշնակիցներին շտապ միջոցներ ձեռնարկել ևս մեկ Ցեղասպանությունից խուսափելու համար»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Լույս սեպտեմբերի 28-ին մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեցել են նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 84 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում