ՄԱԿ-ում հայտարարել են, որ առայժմ չեն կարող հաստատել կամ հերքել ԼՂ հակամարտության սրմանը Թուրքիայի միջամտությունը

ՄԱԿ-ում հայտարարել են, որ առայժմ չեն կարող հաստատել կամ հերքել ԼՂ հակամարտության սրմանը Թուրքիայի միջամտությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄԱԿ-ը չի կարող հաստատել կամ հերքել Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ ԶԼՄ-ների տեղեկությունները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, գրում է regnum.ru կայքը:

«Այս և շատ այլ հայտարարությունների ճշմարտացիության վերաբերյալ մենք տեղեկություն չունենք: Մենք միջոցներ չունենք դա ստուգելու»,- ասել է Դյուժարիկը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել թույլ տալ ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը մտնել հակամարտության գոտի:

«Կարևոր քայլերից մեկը ԵԱՀԿ դիտորդներին « հողի վրա վերադարձնելն է»,-նշել է Դյուժարիկը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Լույս սեպտեմբերի 28-ին մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեցել են նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 84 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում