ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչը խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին

ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչը խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Mediamax.am: ՀԱՊԿ Մշտական խորհրդի այսօրվա նիստի նիստի ժամանակ ՀՀ ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ առաջնագծի երկայնքով սանձազերծված ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը:

«Հրաժարվելով խաղաղ բանակցություններից՝ ադրբեջանական ղեկավարությունը ընտրել է ղարաբաղյան խնդրի լուծման իր ճանապարհը՝ հրահրելով լայնամասշտաբ պատերազմ, որի արդյունքում արդեն կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ ռազմաքաղաքական աջակցությունը, որը նպաստում է նաեւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի հետագա ապակայունացմանը, լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի ժողովուրդների համար։

Ադրբեջանի զինված ուժերի կազմում ծառայում են թուրք մասնագետներ, օգտագործվում է թուրքական արտադրության զինտեխնիկա՝ այդ թվում ԱԹՍ-եր եւ ռազմական ինքնաթիռներ։ Թուրք-ադրբեջանական խմբավորումների կուտակումը ՀԱՊԿ անդամ պետության սահմանին չի կարող չանհանգստացնել մեզ։ Մենք վճռական ենք ամբողջ ուժով դիմադրել եւ չեզոքացնել թուրք-ադրբեջանական այդ դաշինքի մտադրությունները»,- նշել է Վիկտոր Բիյագովը

Նա հավելել է, որ հակամարտության աշխարհագրության ընդլայնումը կարող է անմիջական վտանգ ստեղծվել Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության համար, եւ «այդ դեպքում մեր կողմից գործի կդրվեն համապատասխան ռազմաքաղաքական մեխանիզմներ՝ ուղղված արտաքին ագրեսիայի հավաքական հակազդմանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում