«Երևանը դեռևս չի դիմել ՀԱՊԿ-ին». ՌԴ-ում ՀՀ դեսպան

«Երևանը դեռևս չի դիմել ՀԱՊԿ-ին». ՌԴ-ում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՀայաստանը դեռ չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) ՝ Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով, սակայն ներկայումս քննարկվում են բոլոր տարբերակները: Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Ըստ ամենայնի, Ադրբեջանը, հարվածներ հասցնելով արդեն Հայաստանի տարածքին (Վարդենիս քաղաքի մերձակայքում), ցանկանում է մեզ հերթական սադրանքի մեջ ներքաշել: Իրավիճակը վերահսկելի է, բոլոր տարբերակները ծանրութեթև են արվում, այս պահին ՀԱՊԿ-ին ոչ մի դիմում չի եղել, բայց բոլոր տարբերակները քննարկվում են»,-ասել է Տողանյանը:

Նրա խոսքերով` կօգտագործվի ամբողջ դիվանագիտական «զինանոցը»:

«Այսօր, ամենայն հավանականությամբ, արտգործնախարարությունը (Հայաստանի) հանդես կգա հայտարարությամբ»,-նշել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Լույս սեպտեմբերի 28-ին մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեցել են նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 84 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում