Հաշվի առնելով իր ցեղասպանական անցյալը` Թուրքիայից ակնկալվում է զսպվածություն ցուցաբերել ՀՀ-ի նկատմամբ և նրա հետ հակամարտություններում. Տեսսա Հոֆման

Հաշվի առնելով իր ցեղասպանական անցյալը` Թուրքիայից ակնկալվում է զսպվածություն ցուցաբերել ՀՀ-ի նկատմամբ և նրա հետ հակամարտություններում. Տեսսա Հոֆման

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԳերմանացի պատմաբան Տեսսա Հոֆմանի խոսքով` 1992 թվականից ի վեր, երբ Ադրբեջանն ի սկզբանե ցանկանում էր գրավել Արցախը, նրա ագրեսիայի պատճառները չեն փոխվել: Նա նման դիտարկում արեց` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի սահմանի ամբողջ երկայնքով և Հայաստանի սահմաններին սկսած ռազմական գործողություններին:

«Շատ ավտորիտար ռեժիմների նման, Ադրբեջանը փորձում է իր քաղաքացիների սոցիալական և քաղաքական դժգոհությունը տեղափոխել դեպի արտաքին քաղաքականություն և «ազգային» կամ ազգայնական խնդիրներ: Ի դեպ, նույնը վերաբերում է Թուրքիային»,- նշեց նա:

Նրա դիտարկմամբ` ներկայումս Արցախը գրավելու Ադրբեջանի փորձը վերջին օրինակն է 1994 թվականի հրադադարի պայմանագրից հետո եղած սահմանային բռնությունների մի մեծ շարքի, այդ թվում, Հայաստանի Հանրապետության սահմանները կրակահերթի տակ պահելու:

«Լավագույն օրինակը 2016 թվականի ապրիլի քառօրյա պատերազմն է, որի ժամանակ 100-ից ավելի զոհ եղավ: Ադրբեջանի վերջին հարձակումը Հայաստանի վրա 2020 թվականի հուլիսին էր, որի ժամանակ էլ զոհերի թիվը 16-ն էր: Հուլիսյան մարտերը նույնպես ավարտվեցին Ադրբեջանի ծանր կորուստներով: Որպես արդյունք` Ադրբեջանի պատերազմական քարոզչությունը և նվաճողական հռետորաբանությունը դարձավ ավելի ծայրահեղական»,- նկատեց նա:

Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, ըստ գերմանացի պատմաբանի, Ադրբեջանը կրկին ռազմական հարձակումների ժամանակ վայելում է Թուրքիայի աջակցությունը: «Թուրքիան իրեն համարում է Ադրբեջանին պաշտպանող և դա բխում է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի դոկտրինից, որի համաձայն, ադրբեջանցին և թուրքը մեկ ազգ են երկու պետությունում: 2020 թվականի հուլիսի վերջերին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ վրեժխնդիր են լինելու ադրբեջանցի զինծառայողների համար, որոնք զոհվել են Հայաստանի դեմ պայքարում:

Նախագահ Էրդողանն էլ խոսք է տվել օգնել Ադրբեջանին: Նա ներկայացնում է Հայաստանը որպես «տարածաշրջանի խաղաղության և հանգստության մեծագույն սպառնալիք»»,- մատնանշեց նա:

Տեսսա Հոֆմանի նկատառմամբ` Անկարան վարում է ավելացող ագրեսիվ և ծայրահեղական արտաքին քաղաքականություն տարիներ ի վեր: Քաղաքական ուժերը, որոնք ցանկանում են ընդլայնել երկրի սահմանները, ուժեղանում են: Միևնույն ժամանակ, ըստ նրա, Էրդողանի ռեժմին իրեն ներկայացնում է որպես մուսուլմաններին պաշտպանող ուժ` կռվելով Հունաստանի, Իսրայելի դեմ, և Լիբիայում և Սիրիայում իբրև թե մուսուլմանների իրավունքների համար:

«Դրանով իսկ Թուրքիան Արցախում և նրա շրջակայքում հակամարտությանը ավելացնում է կրոնական երանգ, ինչն այս տարածքային բախումն ի սկզբանե չի ունեցել: Վստահելի աղբյուրների համաձայն` Թուրքիայի ռազմական անձնակազմը, ինչպես նաև`Սիրիայի հազարավոր իսլամիստ ահաբեկիչներ, որոնք Թուրքիայով Ադրբեջան են թռել, ներգրավված են Ադրբեջանի համար կռվում»,– ասաց նա`մատնանշելով, որ Մոսկվայում Հայաստանի դեսպանն էլ է նշել, որ Սիրիայից 4000 վարձկաններ ներգրավված են ներկայիս գործողություններում, Արցախի նախագահը, պաշտպանության նախարարը ևս խոսում են թուրքական ներգրավվածության մասին:

Անդրադառնալով միջազգային արձագանքին` Տեսսա Հոֆմանը մատնանշեց, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան խորհուրդ են տվել դադարեցնել ռազմական բախումները և վերադառնալ բանակցային սեղան` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության ներքո, այդպես են արտահայտվել նաև ԱՄՆ պետքարտուղարությունն ու Ֆրանսիայի արտգործնախարարը:

«Ոչ կառավարական մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների մակարդակով մենք պետք է կոչ անենք միջազգային կազմակերպություններին և ազգային կառավարություններին, որ պարտադրեն Թուրքիային քաղաքական և ռազմական զսպվածություն դրսևորել, որպեսզի չավելանա տարածաշրջանային լարվածությունը:

Հաշվի առնելով իր ցեղասպանական անցյալը, մասնավորապես Թուրքիայից ակնկալվում է զսպվածություն պահպանել Հայաստանի նկատմամբ և նրա հետ հակամարտություններում: Իսկ ապագա բանակցություններում ակնկալվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, անհապաղ անհրաժեշտությունից ելնելով, Արցախը վերադարձնի բանակցային սեղան` որպես անմիջական մասնակից»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում