Միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ ագրեսիվ պատերազմ սանձարձակելու դեպքերի առթիվ հարուցված է քրեական գործ․ ԱՀ ՔԿ

Միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ ագրեսիվ պատերազմ սանձարձակելու դեպքերի առթիվ հարուցված է քրեական գործ․ ԱՀ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amԱրցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի կողմից 2020թ սեպտեմբերի 27-ին որոշում է կայացվել հարուցել քրեական գործ՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից ագրեսիվ պատերազմ սանձարձակելու և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքը, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի շրջանները և դրանց հարակից այլ բնակավայրերը հրետակոծելու եղանակով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը,խախտելով ղարաբաղա-ադրբեջանական զինված ընթարման շրջանակներում 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի պայմանները՝ կիրառելով հրթիռահրետանային, ավիացիոն և անօթաչու թռչող սարքեր, հարձակման է անցել շփման գծի ողջ երկայնությամբ՝ սանձարձակելով ագրեսիվ պատերազմ:

Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը ռազմական գերազանցության հասնելու նպատակով` կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված մեթոդների և միջոցների կիրառմամբ, միջազգային մարդասիրական նորմերի լուրջ խախտմամբ, համակարգված, կանխամտածված և նախապատրաստված գրոհների թիրախ դարձնելով խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը՝ մասնավորապես, ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելով խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները` նշված զինատեսակներով հրետակոծել են Ստեփանակերտ քաղաքը և մնացած բոլոր շրջաններն ու դրանց հարակից այլ բնակավայրերը՝ պատճառելով մարդկային և գույքային կորուստներ:

Հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննության կատարումը հանձն առած քննչական խմբի կողմից իրականացվում են աննախադեպ ծավալով բազմաբնույթ քննչական և դատավարական գործողություններ։

Նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում