Արթուր Ստեփանյան. Այսօր ՊԲ ստորաբաժանումները հետ են վերցրել նախկին օրերին կորցրած որոշ դիրքեր

Արթուր Ստեփանյան. Այսօր ՊԲ ստորաբաժանումները հետ են վերցրել նախկին օրերին կորցրած որոշ դիրքեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Ամբողջ օրվա ընթացքում ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ բոլոր ուղղություններով՝ հատկապես հյուսիսային ու հարավային ուղղություններում»,- Ստեփանակերտում լրագրողների հետ հարցազրույցում հայտարարեց ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

«Այսօր ևս հակառակորդի զավթողական մտադրությունը ձախողել է, ավելին, ռազմաճակատի տարբեր ուղղություններով ՊԲ ստորաբաժանումներն արձանագրել են որոշակի հաջողություններ՝ հետ վերցնելով նախկին օրերին կորցրած որոշ դիրքեր հիմնականում հարավային ու հյուսիսային ուղղություններով»,- հայտարարեց ՊԲ հրամանատարի տեղակալը։

Նրա խոսքով, հակառակորդը չհամակերպվելով կրած անհաջողությունների հետ՝ այսօր ևս օգտագործել է իր ամբողջ զինանոցը։

«Եվ գիշերվա, և ցերեկվա ընթացքում հակառակորդը կիրառել է ավիացիա՝ ուղղաթիռներ, ինքնաթիռներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր, զինանոցում գտնվող լուրջ հրթիռահրետանային սպառազինություն»,- ասաց նա։

ՊԲ ներկայացուցիչն ասաց՝ հակառակորդի գրոհներն ինտենսիվ են եղել հատկապես այն ուղղություններով, որտեղ ունեցել է որոշակի հաջողություններ, «իհարկե, այս անգամ ևս կրելով պարտություն, որոշել է հետագա գործողությունների ընթացքում ավելի զարգացնել իր ուժերը»։

Ա. Սարգսյանն ասաց, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն հակահարված են հասցրել հակառակորդին՝ ձախողելով նրա բոլոր առաջխաղացումները բոլոր ուղղություններով։

«Հերթական անգամ պարտություն կրելով մարտի դաշտում՝ հակառակորդը փորձել է բարբարոսաբար հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակչությանը, խաղաղ բնակավայրերին, դրա վառ օրինակն են Վարդենիսին հասցված հրթիռային հարվածները»,- ընդգծեց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում