«Հայաստանի դեմ պատերազմը ձեռնտու է միայն Էրդողանին, սակայն ՌԴ-ն Անկարայի ձգտումներին մատների արանքով չի նայի»․ ռուս փորձագետ

«Հայաստանի դեմ պատերազմը ձեռնտու է միայն Էրդողանին, սակայն ՌԴ-ն Անկարայի ձգտումներին մատների արանքով չի նայի»․ ռուս փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՂարաբաղյան հակամարտության գոտում ծավալվող լայնածավալ ռազմական գործողություններում առաջին հերթին մեղավոր է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ագրեսիվ քաղաքականությունը, որը, օգտվելով այն պահից, երբ այլ երկրները վարում են իրենց ներքին գործերը, փորձում է թուրքական ներկայությունն ուժեղացնել Անդրկովկասում։ Այս մասին EADaily-ի թղթակցին պատմել Է քաղաքական գիտությունների դոկտոր, ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի դոցենտ Բորիս Գուսելետովը։

Գուսելետովի խոսքով՝ պետք է հասկանալ, որ արցախյան հակամարտությունը «սառը հակամարտություն է», որը կարող էր պայթել ցանկացած ժամանակ, բայց շատ կարևոր էր Թուրքիայի միջամտությունը, որի ղեկավար Էրդողանը գրեթե բացահայտորեն կանգնել է Ադրբեջանի կողմը»։

Հարցին, թե արդյոք Ռուսաստանը կարող է ավելի օպերատիվ ազդել Ադրբեջանի վրա, զրուցակիցը պատասխանել է, որ Ռուսաստանը ներկայում դեռևս փորձում է հանդարտեցնել լարվածությունը։

«Բելառուսում ստեղծված իրավիճակը, համավարակը, ընդհանուր տնտեսական իրավիճակը մեծ բեռ է, և մեր երկրի ղեկավարությունը հասկանում է, որ եթե հայ-ադրբեջանական գործերի մեջ էլ ներքաշվի՝ հաշվի առնելով Թուրքիայի գործոնը, դա արդեն շատ կլինի և կպահանջի լրացուցիչ ֆինանսական և մարդկային ռեսուրսներ։ Հավելեմ, որ Պուտինն արդեն զրուցել է Փաշինյանի հետ, բայց նա դեռ Իլհամ Ալիևի հետ զրույց չի ունեցել»,- նշել է Բորիս Գուսելետովը։

Նրա խոսքով՝ Էրդողանը, հաշվի առնելով Ռուսաստանի՝ այդ ամենի մեջ լիարժեք ներքաշվելու ոչ այնքան ակտիվ ձգտումը, օգտվում է պահից։

«Չգիտեմ, թե որքանով արդարացված կլինի այդ փորձը, որովհետև հազիվ թե Ռուսաստանը նման արարքներին մատների արանքով նայի։ Հավանաբար, Մոսկվան, այնուամենայնիվ, կմիջամտի՝ հաշվի առնելով, որ մենք Հայաստանի տարածքում ունենք մեր զորակազմը, և մենք ՀԱՊԿ-ի գործընկերներն ենք։ Ես չեմ կարծում, որ Էրդողանը կարող է հաղթանակած դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- նշել է նա։

Նա նաև հավելել է, որ որ հակամարտությունը ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ ԱՄՆ-ին և ո՛չ էլ մյուս գերհզոր պետություններին։

«Այն ձեռնտու է միայն Էրդողանին, սակայն Թուրքիայում նույնպես իրավիճակը միանշանակ չէ. տնտեսությունը փայլուն վիճակում չէ, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, թեև թուրքերը մեկ օրում մեկուկես հազար հիվանդի մասին են հայտարարում, իրականում ավելի վատ է»,- նշել է նա։

Հարցին, թե Իրանն ինչ դերակատարում կարող է ունենալ հակամարտության լուծման գործընթացում և ում կողմը կզբաղեցնի, Գուսելետովը վստահեցրել է, որ Հայաստանի։

«Իրանը, ինչպես և Թուրքիան, հավակնում է մերձարևելյան տարածաշրջանում առաջնորդի դեր ստանձնել։ Դրա համար էլ Էրդողանի՝ «լեռների արքա» դառնալու փորձը Թեհրանին դուր չի գալիս։ Ամեն դեպքում Իրանը զսպելու է հենց Թուրքիային, իսկ դա նշանակում է, որ գործելու է Հայաստանի կողմից։ Հավանաբար, Թեհրանը կփորձի չսրել իրավիճակը, ձեռնարկել բոլոր ջանքերը Էրդողանի ուժեղացումը թույլ չտալու, ավելորդ թուրքական ակտիվությունը մարելու համար»,– նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում