«Հակամարտության սրումը հենց Ադրբեջանն է նախաձեռնել. սա Թուրքիայի հետ պայմանավորված գործողություն էր». Զատուլին

«Հակամարտության սրումը հենց Ադրբեջանն է նախաձեռնել. սա Թուրքիայի հետ պայմանավորված գործողություն էր». Զատուլին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմի մասին խոսելը դեռ վաղ է, սակայն Անկարան ակնհայտորեն հանդես է գալիս սադրիչի դերում և իր կապերն օգտագործում է տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելու համար: Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Ուղղափառության Միջխորհրդարանական Ասամբլեայի միջազգային հանձնաժողովի նախագահ, ռուս-հայկական «Լազարյան ակումբ» դիսկուրսիոն հարթակի հիմնադիր ու ղեկավար Կոնստանտին Զատուլինը «Утро.ру»-ին տված հարցազույցի ժամանակ:

«Հույս ունեմ, որ գործը դրան չի հասնի: Ինչ վերաբերում է իրավիճակին, ապա այն շատ լարված ու վտանգավոր է, տարաբնույթ հետևանքներ է ունենում: Երկու երկրի հետ լավ հարաբերություններ պահել փորձող Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսումը չափազանց անհարմար բան է»,– ընգծել է փորձագետը:

Նրա խոսքով՝ հակամարտության սրումը հենց նախաձեռնել է Ադրբեջանը, որը երկար ժամանակ է, ինչ «հայատյաց» քաղաքականություն է վարում: Նրա խոսքով՝ սա Թուրքիայի հետ պայմանավորված գործողություն էր, ինչի մասին վկայում է Անկարայի հապճեպ օգնությունը Բաքվին՝ այդ թվում կամավորների հավաքագրումը: Պատգամավորը հավելել է, որ չի հավատում կեղծ հայտարարություններին, թե Ադրբեջանը հակահարձակում է իրականացրել: Նա հավելել է, որ առավելաչափ մտահոգիչ է այն փաստը, որ 1994 թվականից հետո առաջին անգամ կրակի տակ է հայտնվել նաև Ղարաբաղի խաղաղ բնակչությունը:

Փորձագետը առայժմ բանակցություններում առաջխաղացման որևէ նախադրյալ չի տեսնում, քանի որ կողմերը տարբեր պատճառներով չեն ցանկանում առաջին քայլը կատարել: Բացի այդ, Բաքուն և Երևանը իրենց կոշտ հռետորաբանությամբ ոչնչացնում են այս հարցի շուրջ համաձայնության գալու բոլոր հույսերը և հատկապես Ադրբեջանը, որը ոչ միայն ցանկանում է ստանալ Լեռնային Ղարաբաղը, այլ նաև ագրեսիվ ընդհանուր հակահայկական քաղաքականություն է վարում:

Զատուլինը հիշեցրել է նաև ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դեպքը, երբ վերջինս կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որի հետ նա Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացի էր մասնակցում: Ինչպես հայտնի է Բաքուն ցմահ ազատազրկման դատապարտված հանցագործին ազատ արձակելու համար գործադրել է բոլոր ջանքերը, իսկ տուն վերադառնալուն պես նրան պաշտոմի բարձացում են արել ու բանտում անցկացրած 8 տարվա համար «փոխհատուցում» վճարել:

«Ադրբեջանցիների նկատմամբ հայերի վերաբերմունքը, իհարկե, չի լավացել, սակայն մարդասպաններին պատվելու դեպք Հայաստանում ես չեմ կարող հիշել»,- եզրափակել է Զատուլինը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Լույս սեպտեմբերի 28-ին մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեցել են նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 84 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում