ԼՂ-ում մարտի են դուրս եկել «Սառը պատերազմի ատոմային հրեշները». Независимая газета

ԼՂ-ում մարտի են դուրս եկել «Սառը պատերազմի ատոմային հրեշները». Независимая газета

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌուսական Независимая газета-ն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից ծանր զինատեսակների կիրառմանը: Պարբերականը նշում է, որ կարծես թե հնարավոր չի լինի փոքրամասշտաբ արյունահեղությամբ ավարտել հայ-ադրբեջանական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում: Ռազմաճակատից համացանցում հայտնված կադրերի համաձայն՝ ադրբեջանական զինուժը սկսել է գնդակոծել հայկական դիրքերը գերհզոր 203 մմ տրամաչափի «Պիոն» հրետանային սարքերից և ՏՕՍ-1 «Բուրատինո» բազմակողմանի հրթիռային համակարգերից, ինչը խոսում է ադրբեջանական կողմի անհաջողության մասին:

Ռուսաստանում այդ զենքերն ուղարկվել են Գերագույն բարձրագույն հրամանատարության պահեստազոր և նախատեսված են հակառակորդի կրակային զանգվածային ոչնչացման համար:

Եթե «Պիոն»-ներն ու ՏՕՍ-երն են մտել մարտի դաշտ, ապա Երևանի կործանիչներին էլ երկար սպասելու կարիք չի լինի:Այս համակարգերի օգտագործումը հակամարտությունը կտեղափոխի բոլորովին այլ մակարդակ:

«Պիոն» ծանր հրետանային համակարգը կրակում է տարբեր լիցքերով: Իրենց կործանարար հատկությունների և միջուկային զինամթերք օգտագործելու հնարավորության համար արևմուտքում այս հրետանային համակարգերը ստացել են «Սառը պատերազմի ատոմային հրեշներ» անվանումը:

Պակաս վտանգավոր չեն ՏՕՍ-երը: Սա լեգենդար «Կատյուշայի» նմանակն է, որը ստեղծվել է նոր տեխնոլոգիական մակարդակով: Այն պարունակում է 24 հրթիռ: Համազարկը ծածկում է 4 հա տարածք: Հրթիռի ընկնելիս աէրոզոլ է բարձրանում, որն ակնթարթորեն թափանցում է ցանկացած ճեղքվածք, բունկեր կամ բնակելի շենք և պայթեցնում է այն: Պայթյունի էպիկենտրոնում խառնուրդի այրման ջերմաստիճանը հասնում է 800 աստիճանի, այս եղանակով ստեղծված պայթյունի ալիքը կրկնակի ուժեղ է, քան սովորական զինամթերք օգտագործելիս:

Ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը կարծիք է հայտնել, որ որ այսպիսի հզոր զենքերի օգտագործումը ադրբեջանական բանակի անհաջողությունների հետևանքն է:

«Մարտերի առաջին օրը ադրբեջանցիները նախատեսում էին ճեղքել հայկական պաշտպանությունը 50, իսկ որոշ ուղղություններով նույնիսկ մինչև 100 կմ խորությամբ: Դա տեղի չունեցավ, հիմա նրանք ուզում են ծանր զենքեր գործածել ՝ իրավիճակը փոխելու համար: Սրանք իսրայելական Sky Striker տեսակի ԱԹՍ-ների պես բարձր ճշգրտության զենքեր չեն, որոնք նախկինում օգտագործվել են թիրախներ խոցելու համար: ՏՕՍ-երը, «Պիոն»-ները, «Իսկանդեր»-ները հարվածում են տարածքներին առանց հատուկ թիրախավորման, իսկ դա նշանակում է, որ ոչնչացնում են ոչ միայն զինվորականներին, այլ նաև խաղաղ բնակիչներին: Ամեն դեպքում ադրբեջանական զորքերը տեղի բնակչությանը նման հարվածներ հասցնելու մասին չեն զգուշացրել»,-ասել է Լեոնկովը:

Փորձագետի խոսքերով` այս ամենը խոսում է Ղարաբաղում ծայրաստիճան լարված իրավիճակի և այն հետևանքների մասին, որոնք հակամարտությունը կունենա երկու կողմերի համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա:

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ:

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում