Գարիկը կենսուրախ, միշտ ժպտացող երիտասարդ էր. ասում էր՝ սպասեք, գալու եմ ու տեսեք՝ ինչեր եմ անելու

Գարիկը կենսուրախ, միշտ ժպտացող երիտասարդ էր. ասում էր՝ սպասեք, գալու եմ ու տեսեք՝ ինչեր եմ անելու

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԿենսուրախ, միշտ ժպտացող երիտասարդ էր, միշտ հարգանքով էր բոլոր ուսուցիչների և ընկերների հետ, առանց ժպիտի որևէ խոսք չուներ, խոսելիս էլ գլուխը թեթև խոնարհում էր: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի թիվ 1 դպրոցի տնօրեն Նոյեմի Բաբախանյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 27-ին հակառակորդի ծավալած մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Գարիկ Աճեմյանի մասին:

«Լավ մարդ էր: Ընտանիքը՝ հայրը, մայրը, աչքի էին ընկնում իրենց համեստությամբ, քուրիկները՝ Սիրանուշն ու Անին, մեր դպրոցում են սովորում, 10-րդ և 5-րդ դասարանում: Բոթի օրը երեխաները դասի էին եկել, դասավանդող ուսուցիչները չէին կարողանում դասարան մտնել ու երեխաներին տեսնել, հարազատները եկան, տարան»,- ասաց նա:

Տնօրենի խոսքով՝ Գարիկ Աճեմյանի եղբայր Կարեն Աճեմյանը ևս զինծառայող է, վերջին օրերն են: «Երկու եղբայրներով Արցախում էին: Պետք է Կարենը վերադառնար, երեկ մեր զինղեկն ասաց, որ հայրիկին զինկոմիսարիատում է տեսել, հավանաբար, գնացել էր, որ Կարենի վերադարձի համար դիմեր: Երևի արձագանք կլինի, պատասխանի մասին բան չգիտեմ»:

Նոյեմի Բաբախանյանը ներկայացրեց, որ վերջին օրերին դպրոցի աշակերտական կազմը շատ լուրջ ու տխուր է, երեխաներն ավելի հասուն ու փոխված հայացքով են: «Երեկ մեր գյուղի եկեղեցին էին բարձրացել, մոմավառություն կազմակերպել: Կդժվարանամ ասել, թե Գարիկն ինչ երազանքներ ուներ, բայց վերջին օրերին երեխաները շատ են գրում, մեջբերում Գարիկի խոսքերը. «Սպասեք, գալու եմ ու տեսեք՝ ինչեր եմ անելու»: Երեխաներն էլ նշում են, որ շատ էներգիայով ու տաքարյուն տղա էր»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի առավոտյան լայնածավալ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում