Գախարիան հայկական և ադրբեջանական կողմերին առաջարկել է հանդիպել Թբիլիսիում

Գախարիան հայկական և ադրբեջանական կողմերին առաջարկել է հանդիպել Թբիլիսիում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը, այդ թվում` երկխոսության նպատակով հակամարտող երկու կողմի միջև հանդիպում կազմակերպել Թբիլիսիում: Այս մասին գրում է netgazeti.ge կայքը:

«Հնարավորինս արագ տարածաշրջանում խաղաղության հաստատումը մեր ընդհանուր շահն է: Բոլորն էլ հասկանում են, որ իրավիճակի հետագա սրացումը շատ վատ կազդի ամբողջ տարաշածրջանի անվտանգության վրա»,- ասված է Գախարիայի հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ Վրաստանի վարչապետը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային մասնակիցներին առավելագույն չափով օգտագործել հնարավորությունները հակամարտության սրացումը կանխելու և երկխոսությունը վերսկսելու համար:

«Ինչպես ձեզ հայտնի է, մեր երկիրը բարիդրացիական հարաբերություններ ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ: Պատմականորեն մեր երկրի հայ և ադրբեջանցի քաղաքացիները կարևոր դեր են խաղացել մեր երկրի և առհասարակ տարածաշրջանի զարգացման և ամրապնդման գործում: Միևնույն ժամանակ, նրանց խաղաղ գոյակցումը լավ օրինակ է այն բանի, որ վրացիները, հայերն ու ադրբեջանցիները կարող են ամբողջ Հարավային Կովկասը դարձնել խաղաղ և զարգացող տարածք»,-ասել է Գախարիան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա և «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ:

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում