Հունաստանի նախաձեռնությամբ ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպում է տեղի ունեցել

Հունաստանի նախաձեռնությամբ ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Երեքշաբթի երեկոյան Հունաստանի խնդրանքով տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով Հունաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը:

Հաղորդվում է, որ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը համապատասխան պահանջը ներկայացրել է ԵԱՀԿ-ում նախագահող Ալբանիային ուղղված նամակում:

«Հունական նախաձեռնությունը նպատակ ունի ԵԱՀԿ շրջանակներում քննարկում անցկացնել ներգրավված երկու կողմերի մասնակցությամբ և քննարկել ճգնաժամը լիցքաթափելու բոլոր հնարավոր ուղիները: Նպատակը Մինսկի խմբում բանակցությունների վերսկսումն է խնդրի խաղաղ կարգավորման շուրջ»,- ասված է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հունական կողմն ընդգծել է, որ «ճգնաժամի լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ռազմական միջոցներով»:

«Հունաստանը դատապարտում է ցանկացած երրորդ կողմի միջամտությունը, որը խթանում է լարվածությունը: Այս համատեքստում Թուրքիան պետք է զերծ մնա այդ ուղղությամբ արվող գործողություններից և հայտարարություններից»,- ասված է հայտարարության մեջ:

Հունաստանի ԱԳՆ տեղեկատվության համաձայն՝ արտգործնախարար Դենդիասն իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն է հայտնել «ներդրում ունենալ ճգնաժամի անհապաղ լիցքաթափման գործում»:

«Վաղը տեսակոնֆերանսի ձևաչափով նոր զրույց տեղի կունենա Մնացականյանի հետ»,-տեղեկացրել են Հունաստանի ԱԳՆ-ում:

Ըստ ԵԱՀԿ կայքի՝ երեքշաբթի կայացած Մշտական խորհրդի նիստում կազմակերպության ներկայիս նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ասել է, որ ինքը «մշտական կապի մեջ է (հակամարտության) կողմերի հետ», և որ դիտորդական խումբը պատրաստ է «իրավիճակի թույլ տալուն պես տեղում վերսկսել մոնիթորինգը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում