«Հրապարակ». Որոշվել է ԱԺ հանձնաժողովներում տապալել պատերազմին չառնչվող և ոչ հրատապ նախագծերի ընդունումը

«Հրապարակ». Որոշվել է ԱԺ հանձնաժողովներում տապալել պատերազմին չառնչվող և ոչ հրատապ նախագծերի ընդունումը

«Հոկտեմբերի 6-ին կմեկնարկի ԱԺ հերթական քառօրյան, բայց քանի որ որևէ մեկին հայտնի չէ, թե պատերազմը որքան կձգվի, նախօրեին «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստում որոշել են ԱԺ հանձնաժողովներում տապալել պատերազմին չառնչվող և ոչ հրատապ նախագծերի ընդունումը․ դրանք չընդգրկել առաջիկա օրակարգում, ընդգրկել միայն հրատապ հարցերը։

Ուստի ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում երեկ քննարկումը հետաձգվեց՝ հիմնական զեկուցողների չներկայանալու հիմքով, իսկ տնտեսական հարցերի հանձնաժողովում նախագծերի հեղինակներն առաջարկեցին քննարկումը հետաձգել 2 ամսով։ Բայց պաշտպանության հարցերի հանձնաժողովում ընդունել են «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կառավարության լիազորություններն ընդլայնել հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությամբ։

Սա պայմանավորված է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններով և ռազմական դրությամբ: Զորահավաքային պլանը գործողությունների համալիր է, որը թույլ է տալու պատշաճ կերպով զորահավաքային նախապատրաստություն տեսնել, կազմակերպել պետական և տարածքային կառավարման, ՏԻՄ-երի, կազմակերպությունների, տնտեսության, բնակչության կենսապահովման, կապի և տեղեկատվության համակարգի գործունեության փոխադրումը «պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի», ինչպես նաև «զորքերի ֆինանսավորման, սպառազինման, բնակավորման, էներգետիկ և այլ ապահովման ոլորտներում, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության գործընթացում պետական և տարածքային կառավարման մարմինների գործունեությունը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում