Ֆրանսիան և Թուրքիան քննադատում են միմյանց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ

Ֆրանսիան և Թուրքիան քննադատում են միմյանց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԼեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով երկկողմանի քննադատությունների ալիք է սկսվել ՆԱՏՕ-ի երկու անդամ երկրների՝ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև:

Լեռնային Ղարաբաղում չորս օր շարունակվող մարտերը սպառնում են վերածվել լայնածավալ պատերազմի, և միջազգային համայնքը մտահոգված է, որ պատերազմին կարող են խառնվել նաև Թուրքիան և Ռուսաստանը:

ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մի քանիսն անհանգիստ են Անկարայի դիրքորոշմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Չորեքշաբթի օրը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Անկարան պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ասել է թե, «կանեն հնարավոր ամեն ինչ»:

Չավուշօղլուն նաև հայտարարել է, թե Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին հավասարազոր է «Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացմանն աջակցելուն»:

Ի պատասխան, Ֆրանսիայի նախագահը Լատվիա կատարած այցի ընթացքում իր ասուլիսի ժամանակ ասել է․ «Ես արձանագրել եմ Թուրքիայի հայտարարությունները, որոնք կարծում եմ, անխոհեմ են ու վտանգավոր: Եվ սա հատկապես ասում եմ, Հայաստանը նկատի ունենալով, Ֆրանսիան խորապես մտահոգված է Թուրքիայի կողմից վերջին ժամերին արված պատերազմական հայտարարություններով, որոնք Ադրբեջանին ուղղորդում են դեպի Լեռնային Ղարաբաղը նորից նվաճելու, ինչը մեր կողմից անընդունելի է»:

Էմանուել Մակրոնը նաև հայտնել էր, որ այս թեմայով խոսելու է Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մակրոնն արդեն խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում