Թվով 320-ն են, մեծ մասն ունի թուրքմենական ծագում, մեկնել են «ազգային գործի պաշտպանության» պատրվակով

Թվով 320-ն են, մեծ մասն ունի թուրքմենական ծագում, մեկնել են «ազգային գործի պաշտպանության» պատրվակով

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) փաստագրել է Ադրբեջանում Թուրքիայի կողմից աջակցվող խմբերից «առաջին սիրիացի վարձկանի մահը»։

Կառույցի պաշտոնական էջում տեղեկացվում է, որ հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի վարձկաններն Ադրբեջան են ուղարկվել ԼՂ մարտերին մասնակցելու համար, մինչդեռ նրանց միակ առաքելությունը պետք է լիներ նավթային հանքավայրերի պաշտպանությունը:

Նշվում է, որ իրենց աղբյուրների համաձայն՝ Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի վարձկանների թիվն Ադրբեջանում հասնում է 320-ի. նրանք փոխադրվել են թուրքական անվտանգության ընկերությունների կողմից։

«Ադրբեջան ուղարկվող սիրիացի գրոհայինների մեծ մասը թուրքմենական ծագում ունի, և նրանք Ադրբեջան են մեկնել «ազգային գործի պաշտպանության» պատրվակով, մինչդեռ Թուրքիայի կողմից աջակցվող արաբական խմբավորումները հրաժարվել են իրենց գրոհայիններին ուղարկել Ադրբեջան»,– ասված է կենտրոնի էջում։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Սիրիացի վարձկանը, որը ներկայացվում է Աբդուլլահ անունով, հարցազրույց է տվել BBC-ի արաբական ծառայությանն ու խոստովանել, որ իրեն աշխատանք են առաջարկել Ադրբեջանում, սակայն վերջինս չի իմացել, որ կռվելու է մեկնելու:

Աղբյուրը հայտնել էր, որ սիրիացին լրագրողի հարցերին պատասխանել է հապճեպորեն, քանի որ շտապելիս է եղել ադրբեջանական բանակում ռազմական հավաքի: Աբդուլլահը, ինչպես և Սիրիայի հյուսիսային շրջանում բնակվողներից շատերը տնտեսական ճգնաժամի մեջ են և ֆինանսական խնդիրներ ունեն: Այդպիսով, Աբդուլլահը հայտնել է, որ ընդունել է Ադրբեջանում աշխատանքի առաջարկը, որի դիմաց 2000 դոլար ամսական աշխատավարձ պետք է ստանար, սակայն պատկերացում չի ունեցել, թե ինչ էր իրեն սպասվում այնտեղ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 84 անօդաչու թռչող սարք, 169 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 920 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2100 վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ): Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում