Իրանը չի հանդուրժի իր սահմանին ծայրահեղական վարձկանների ռազմական գործողությունները

Իրանը չի հանդուրժի իր սահմանին ծայրահեղական վարձկանների ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի խոսքով` Իրանում բոլորը ուշադրությամբ հետևում են Արցախում տեղի ունեցողին, երբեմն, իհարկե նաև օգտվում ադրբեջանական աղբյուրներից: Նա Tert.am–ի հետ զրույցում պատմեց այս մասին` անդրադառալով այս օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի վերաբերյալ Իրանում եղած տպավորություններին:

«Գրում են Սիրիացի վարձկանների պատերազմում մասնակցության մասին: Արդեն ապացուցված են դա համարում: Խոսում են, որ մոլեռանդ վարձկանները Թուրքիայի օգնությամբ Իրանի հետ սահմանամերձ շրջաններում ռազմական գործողություններ են ծավալում»,- ասաց նա:

Նրա դիտարկմամբ, Իրանում կան խավեր, հատկապես ազերիական համայնքներում, որոնք փորձում են իրավիճակը լարել: «Բայց պետք է նկատել, որ անգամ այդ համայնքերում հանրային կարծիքը ադրբեջանցիների օգտին չէ»,- ասաց նա:

Անդրադառնալով Իրանի իշխանությունների դիրքորոշմանը` Ռոբերտ Բեգլարյանը նշեց, որ նրանք հիմնականում փորձում են զգուշություն, չեզոքություն պահպանել, բայց նրանց համար կարևոր են իրենց սահմանակից շրջանները:

«Իրանի խորհրդարանի անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը, որտեղ ներգրավված ենք լինելու հայազգի պատգամավորներ, այցելելու է սահման, որ տեղեկանա իրավիճակին,- ասաց նա` նշելով, որ անկախ Իրանի հայտնած չեզոք պաշտոնական դիրքորոշումից, այնուամենայնիվ երկիրը չի հանդուրժի իր սահմանին ծայրահեղական վարձկանների ռազմական գործողությունները․ դա լուրջ սպառնալիք է Իրանի համար»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է պատերազմում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ Իրանի կարծիքին, ապա ըստ պատգամավորի, գոնե վարձկաններին սահմանին մոտ բերելը չի ներվի:

Իրենք, որպես պատգամավորներ, փորձում են Իրանի խորհրդարանում ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրականությունը և ներկայացնում են դրանից բխող Իրանի համար անվտանգային և տարածքային ամբողջականության խնդիրները:

«Մենք` իրանահայերս, գիտենք, թե որքան կարևոր է, որ Իրանը խաղաղ դիրքերից օգտակար լինի Հայաստանին, բանակցություններին և տարածաշրջանի խաղաղությանը»,- ասաց նա:

Ռոբերտ Բեգլարյանը համաձայնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարության հետ, որ Լեռային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը նաև Իրանի դեմ է:

«Իսկ թե ինչպիսի արձագանքներ դա կունենա Իրանում, արդեն կախված է Իրանի ընդհանուր քաղաքական համակարգից: Արդեն ասացի` Իրանի հանրային կարծիքն ինչպիսին է: Իսկ Հայաստանի և Արցախի գործիչների հայտարարությունները ներկայացնում են երկու ժողովուրդների շահերը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ (3-ը Սու–25), 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում