5 դրամ՝ 1 րոպեի համար․ կապի օպերատորների հայտարարությունը

5 դրամ՝ 1 րոպեի համար․ կապի օպերատորների հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում ռոումինգի մուտքային և ելքային` դեպի ՀՀ բոլոր ցանցերի ինչպես նաև դեպի «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ու ֆիքսված ցանցերի հեռախոսահամարներին զանգերի համար սակագինը կկազմի 5️ դրամ՝ 1 րոպեի համար:

Հայաստանի շարժական կապի օպերատորները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախում գործող շարժական կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցի մասնակի վերականգնման, թողունակության ավելացման և հայաստանյան երեք օպերատորների ու «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ միջև քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ռոումինգի սակագների իջեցման վերաբերյալ:

Ըստ այդմ՝ 2020թ. հոկտեմբերի 1-ի ժամը 18:00-ից սկսած` «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում ռոումինգի մուտքային (մինչ այդ գործող սակագինը՝ 14 դրամ) և ելքային` դեպի ՀՀ բոլոր ցանցերի (մինչ այդ գործող սակագինը՝ 28 դրամ), ինչպես նաև դեպի «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ու ֆիքսված ցանցերի (մինչ այդ գործող սակագինը՝ 28 դրամ) հեռախոսահամարներին զանգերի համար սակագինը կկազմի 5️ դրամ՝ 1 րոպեի համար: «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցից Հայաստանի Հանրապետության օպերատորների շարժական և ֆիքսված ցանցեր (ներառյալ ոչ աշխարահագրական ուղղությունները) զանգահարելու սակագինը նույնպես կկազմի 5️ դրամ:

SMS (կարճ) հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5️ դրամ:

Հայտարարված սակագինը կգործի մինչև հավելյալ տեղեկացում:

Սակագների իջեցումը պայմանավորված է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ որոշումով՝ հաշվի առնելով ներկայում օպերատորի տեխնիկական հնարավորությունները:

Միևնույն ժամանակ, հորդորում ենք զանգեր կատարել բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցը գերբեռնվածությունից հնարավորինս զերծ պահելու համար:

Թյուրըմբռնումներն ու շահարկումները կանխելու նպատակով, հարկ ենք համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ ռոումինգը ոլորտի ստանդարտ է, որը տեխնիկապես ներդրված է՝ հիմք ընդունելով հեռահաղորդակցության ոլորտի միջազգային և ներպետական իրավական կարգավորումները:

Հայաստանյան օպերատորները ռոումինգը վերացնելու իրավասություն չունեն, գործում են պետության կողմից տրամադրված լիցենզիաների և ՀԾԿՀ կողմից ընդունված իրավական ակտերի շրջանակներում՝ բացառապես ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ (3-ը Սու–25), 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում