ՌԴ ու ԱՄՆ-ն Արցախի հարցով արդյունավետ երկխոսություն են վարում

ՌԴ ու ԱՄՆ-ն Արցախի հարցով արդյունավետ երկխոսություն են վարում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Mediamax.am: Մոսկվան հույս ունի, որ Վաշինգթոնի հետ երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ կօգնի ելք գտնել տարածաշրջանում ներկա տագնապալի իրավիճակից:

Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Րյաբկովը:

Նրա խոսքերով, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները ինտենսիվ կապի մեջ են այս հարցի շուրջ:

«Հույս ունենք, որ այդ աշխատանքը քաղաքականապես նշանակալի կլինի ներկայիս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար: Երկխոսությունն ուղղված է քաղաքական խթանի ձեւավորմանը, որը կօգնի նվազեցնել լարվածությունը, կայունացնել իրավիճակը տարածաշրջանում», – ասել է նա:

Միեւնույն ժամանակ դիվանագետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի թեման «վերաբերվում է մի շարք երկրների եւ կա փորձարկված ձեւաչափ, եւ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը չի փոխարինում կամ այլընտրանք չէ այդ ձեւաչափին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում