Թրամփի, Պուտինի և Մակրոնի երեկվա համատեղ հայտարարությունը կարելի է Հայաստանի համար լուրջ դիվանագիտական հաղթանակ համարել. Коммерсантъ

Թրամփի, Պուտինի և Մակրոնի երեկվա համատեղ հայտարարությունը կարելի է Հայաստանի համար լուրջ դիվանագիտական հաղթանակ համարել. Коммерсантъ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: «Լեռնային Ղարաբաղում արդեն հինգերորդ օրը շարունակվող ռազմական գործողություններում բեկումնային պահ է նշմարվում: ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի առաջնորդները հակամարտող կողմերից պահանջել են դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցային գործընթացին: Մոսկվան ու Փարիզն արձնագրել են, որ ադրբեջանական կողմում Թուրքիայի օգնությամբ Սիրիայից բերված ջիհադականներ են կռվում: ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ-ում իր երկիրը կռվում է ընդդեմ միջազգային ահաբեկչության: Հարձակողական գործողություններ իրականացնող Ադրբեջանի համար դիվանագիտական ճակատում պարտության սպառնալիք է նշմարվում»,-գրում է ռուսական «Կոմերստանտ»-ը:

Հոդվածագիր Կիրիլ Կրիվոշեևը նշում է, որ Թրամփի, Մակրոնի և Պուտինի երեկվա համատեղ հայտարարությունը կարելի է Հայաստանի համար լուրջ դիվանագիտական հաղթանակ համարել: Բաքուն առայժմ որևէ կերպով պաշտոնապես չի արձագանքել այս հայտարարությանը:

Ինչ վերաբերում է հակամարտությանը միջամտող Թուրքիային, ապա թեև երկրի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբին հրապարակավ քննադատել է կրակի դադարեցման կոչերի համար, այնուամենայնիվ, երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ երեկվա հեռախոսազրույցում հանդես է եկել ռազմական գործողությունների դադարեցման օգտին: Այսպիսով ՌԴ ԱԳՆ-ն ակնարկել է, որ Թուրքիայի ոչ հրապարակային դիրքորոշումը խիստ տարբերվում է հրապարակայինից:

Հեղինակն ընդգծում է նաև, որ Մակրոնը դարձել է առաջին նախագահը, որն ուղղակիորեն աջակցել է Հայաստանին նաև Ադրբեջան ուղարկված զինյալների հարցում: Նա հայտարարել է, որ Փարիզը հստակ տեղեկություն ունի առ այն, որ սիրիացի գրոհայինները ԼՂ են եկել մարտերին մասնակցելու նպատակով: ՌԴ ԱԳՆ-ն ևս անդրադարձել է զինյալների թեմային, սակայն առանց մեղադրանքի «հասցեատիրոջը» նշելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում