«Աջակցում ենք Հայաստանի ժողովրդին. Թուրքիան պետք է դուրս գա խաղից»․ Լոս Անջելեսի քաղաքապետ

«Աջակցում ենք Հայաստանի ժողովրդին. Թուրքիան պետք է դուրս գա խաղից»․ Լոս Անջելեսի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԼոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին իր թվիթերյան էջում աջակցությունն է հայտնել հայերին և Վաշինգտոնի ղեկավարությանը կոչ է արել Արցախում ռազմական գործողությունների դադարեցման համար համապատասխան քայլեր ձեռնարկել։

«Լոս Անջելեսը հպարտ է հայկական ամենամեծ սփյուռքի տունը լինելու համար։ Աջակցում ենք Հայաստանի ժողովրդին։ Հորդորում եմ Վաշինգտոնի ղեկավարությանն այժմ անհրաժեշտ կայուն և խիստ դիվանագիտական քայլերը ձեռնարկել Արցախում խաղաղության հաստատման համար։ Թուրքիան պետք է դուրս գա խաղից»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 14 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում