Մոնրեալում հարյուրավոր հայեր բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ Ադրբեջանի. Lուսանկարներ

Մոնրեալում հարյուրավոր հայեր բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ Ադրբեջանի. Lուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Կանադայի մեծությամբ երկրորդ քաղաք Մոնրեալում հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի։

Հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ կիրակի հավաքվել են քաղաքի կենտրոնում, կոչ են արել խաղաղություն հաստատել Արցախի Հանրապետությունում և համարժեք արձագանքել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիային։

Ինչպես հաղորդում է տեղական montreal.ctvnews-ը, կիրակնօրյա հանրահավաքին մասնակցել է նաև նաև Կանադայի խորհրդարանի պատգամավոր, լիբերալ քաղաքական գործիչ Աննի Կուտրակիսը, ով իր թվիթերյան էջում գրել է Արցախի Հանրապետությանը սատարելու մասին:

«Այսօր ես միացա Մոնրեալի հանրահավաքին՝ հաջակցություն Հայաստանի և Արցախի Հանրապետության։ Հայ համայնքը ուժ և արիություն է ցուցաբերել բռնության դեմ։ Ես միշտ համերաշխ կլինեմ հայերի հետ ինչպես Կանադայում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 14 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Image

Image

Image

Image

Հետևեք մեզ նաև Telegram-ում