«Մենք այստեղ ենք, մենք ձեր հենասյունն ենք»․ Ֆրեզնոյում հայերը բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ Ադրբեջանի. Տեսանյութ

«Մենք այստեղ ենք, մենք ձեր հենասյունն ենք»․ Ֆրեզնոյում հայերը բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ Ադրբեջանի. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am:  ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում նախօրեին հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել, որը կոչված էր ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հրահրած պատերազմի վրա, հարգանքի տուրք մատուցել զոհված հայ զինվորների հիշատակին, հաղորդում է տեղական yourcentralvalley.com-ը։

Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Ֆրեզնոյի քաղաքապետարանի շենքի մոտ, այնուհետև շարժվել դեպի «Ռիվեր Փարք»՝ մեծարելու պատերազմի դաշտում ընկած հայ զինվորներին։

«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ևս մեկ հարձակում ձեռնարկեց, և այն վերածվեց լայնածավալ պատերազմի»,– աղբյուրը մեջբերել է ցույցի մասնակից Սիլվա Կովալենկոյի խոսքերը։

«Այստեղ ենք զոհված զինվորներին, նրանց ընտանիքներին ու առաջնագծում կանգնած զինվորներին աջակցություն ցույց տալու համար։ Մենք այստեղ ենք, մենք ձեր հենասյունն ենք»,- աղբյուրը մեջբերել է ցույցի մեկ այլ մասնակից Սամվել Ղազարյանի խոսքը։

Ֆրեզնոյում նմանատիպ միջոցառումներ են նախատեսվում անցկացնել ամբողջ շաբաթ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 14 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում