ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը

ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ և Եվրոպայի հարցերով նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ամենավճռական կերպով դատապարտում են բռնության վտանգավոր էսկալացիան ԼՂ հակամարտության գոտում և դրա սահմաններից այն կողմ: Այս մասին ասվում է կողմերի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:

«Նախարարներն անվերապահորեն ընդգծում են, որ վերջին հարձակումները, որոնց թիրախը, ենթադրաբար, քաղաքացիական կառույցներն են եղել ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում՝ ԼՂ հակամարտության գոտու սահմաններից դուրս, ինչպես նաև նման հարձակումների անհամաչափությունն անընդունելի սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի կայունության համար:

Հղում անելով երեք համանախագահ երկրների ղեկավարների՝ հոկտեմբերի 1-ի հայտարարությանը՝ նախարարները կրկին կոչ են անում հակամարտության կողմերին անհապաղ և անվերապահորեն հրադադարի ռեժիմ հաստատել:

Համանախագահ երկրները հաստատակամ են ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության կողմից իրենց տրամադրված մանդատն ամբողջովին ի կատար ածելու՝ Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ: Այդ մանդատի համաձայն՝ նրանք շարունակում են հետևողականորեն հարստացնել համագործակցությունը կողմերի հետ՝ կոչ անելով նրանց անհապաղ պատասխանատվություն ստանձնել կարգավորման գործընթացը վերսկսելու համար՝ առկա հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք հայտնի են երկու կողմերին էլ»,– ասվում է համատեղ հայտարարության մեջ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում