«Մեր կողքին պատերազմ է ընթանում. Վրաստանի համար դա մեծ ռիսկ է». Գախարիա

«Մեր կողքին պատերազմ է ընթանում. Վրաստանի համար դա մեծ ռիսկ է». Գախարիա

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՎրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետ կապված մեծ ռիսկերի մասին՝ նշելով, որ Թբիլիսին շահագրգռված է իրավիճակի խաղաղ կարգավորմամբ, գրում է sputnik-georgia.ru-ն։

«Երբ մեր հարևանությամբ իրական պատերազմ է ընթանում, Վրաստանի համար դա մեծ ռիսկ է։ Անշուշտ, մենք մեր ուժերի սահմաններում անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր ներդրումն ունենանք խաղաղության հաստատման գործում»,- լրագրողներին ասել է Գախարիան։

Նա ընդգծել է, որ Վրաստանի տարածքում ապրում են էթնիկ հայեր և ադրբեջանցիներ։

«Վրաստանն ուղղակիորեն շահագրգռված է, որպեսզի մեր տարածաշրջանում ցանկացած հակամարտություն լուծվի միայն բանակցությունների միջոցով, և մենք դրա համար անում ենք ամեն ինչ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 331 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում