Էրդողանը ծաղրում է և՛ Կրեմլին, և՛ Սպիտակ տանը. Le Monde

Էրդողանը ծաղրում է և՛ Կրեմլին, և՛ Սպիտակ տանը. Le Monde

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՖրանսիական Le Monde պարբերականը ԼՂ հակամարտության վերաբերյալ հրապարակել է ծավալուն հոդված՝ հայտարարելով, որ Թուրքիան, Ադրբեջանին օգնություն ցուցաբերելով, ծաղրում է Կրեմլին և Սպիտակ տանը:

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակմանն Անկարայի աջակցությունը հստակ ցույց է տալիս, թե ինչպես կարող է միջին տերությունը ճնշել ռուսական և ամերիկյան գերտերություններին»,– գրել է հոդվածի հեղինակ Ալեն Ֆրաշոնը:

«Որտե՞ղ է ամերիկյան ղեկավարությունը, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը` Թուրքիան, առանց իր «դաշնակիցներին» նախազգուշացնելու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ է «վերսկսում»: Որտե՞ղ է Ռուսաստանի առավելությունն իր ավանդական «ազդեցության գոտում», երբ Թուրքիայի աջակցությամբ նախկին ԽՍՀՄ հանրապետությունը հարձակում է գործում մյուսի՝ Հայաստանի վրա: Էրդողանի Թուրքիան՝ տարածաշրջանային ահռելի հավակնություններ ունեցող այս տերությունը, ծաղրում է Կրեմլին և Սպիտակ տանը, Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին»,- նշում է հոդվածի հեղինակը:

«Սովորաբար, նման դեպքերում Կրեմլը հայերի և ադրբեջանցիների միջև մարտերի դադարեցման ազդանշան տալիս է և երկուսն էլ ենթարկվում են զենքի իրենց մատակարարին: Սակայն այս անգամ Թուրքիայի շնորհիվ Ադրբեջանը կարող է ինքնուրույն գործելու իր ավելի մեծ կարողության վրա հույս դնել: Ղարաբաղում թյուրքախոս Ադրբեջանի գործը Թուրքայի նախագահի գործն է դարձել»,- նշում է լրագրողը:

«20-րդ դարի սկզբին Թուրքիայի հայերի կոտորածը որպես Ցեղասպանություն որակած ԱՄՆ Կոնգրեսը դժվար թե ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի հարձակումը Ղարաբաղի հայերի վրա դրական գնահատի: Ընդունված է կարծել, թե պատմությունը Թուրքիային պարտադրում է գոնե Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ չեզոքություն պահել, սակայն Թրամփը թույլ է Էրդողանի հանդեպ: Բոսֆորի առաջնորդին հատուկ են իմպուլսիվ-դեսպոտիկ վարվելակերպը, հանդգնությունը և փորձագետներին ծաղրելու կարողությունը, որոնք էլ տպավորություն են գործում ամերիկացի առաջնորդի վրա»,- ընդգծում է Ֆրաշոնը:

Նշվում է, որ Էրդողանը Կովկասում, Մերձավոր Արևելքում, Մագրեբում և Արևելյան Միջերկրական ծովում տարածաշրջանային զավթողամոլ քաղաքականություն վարելու ազատություն ստացել է այն պահից, երբ Միացյալ Նահանգները համարել է, թե ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիայի մնալն արդարացնում է նրա բոլոր արարքները: Հոդվածագրի խոսքով՝ ԱՄՆ-ն ափսոսում, սակայն համաձայնում է դրան:

«1956 թվականին, երբ ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերը, որին այդ ժամանակ ընդունում էր նաև ԽՍՀՄ-ը, բրիտանացիներին, ֆրանսիացիներին և իսրայելցիներին հրամայեց դադարեցնել Եգիպտոսի դեմ ռազմական գործողությունները, նրա հրամանը կատարվեց: 1990-ականներին Մոսկվային համաձայնությամբ Բալկաններում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի կոչերին նույնպես ենթարկվեցին։ Իսկ այժմ «միջին հզորություն» ունեցող Էրդողանը մոլորության մեջ է գցել և՛ Պուտինին, և՛ Թրամփին»,- եզրափակել է Ֆրաշոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում