Պետք է բացառել զինադադարի մասին որևէ նոր փաստաթղթի ստորագրում, որտեղ Արցախն ուղղակիորեն մասնակից կողմ չէ. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

Պետք է բացառել զինադադարի մասին որևէ նոր փաստաթղթի ստորագրում, որտեղ Արցախն ուղղակիորեն մասնակից կողմ չէ. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՊետք է բացառել զինադադարի մասին որևէ նոր փաստաթղթի ստորագրում, որտեղ Արցախն ուղղակիորեն մասնակից կողմ չէ: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի Արցախից հեռարձակվող հատուկ թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով այսօր Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնությամբ կայանալիք բանակցություններին մարդասիրական հրադադար հաստատելու վերաբերյալ:

Կարեն Բեքարյանի կարծիքով՝ Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ այս գործընթացն առաջ մղելու արդյունքում մարդասիրական հրադադար կարող է հաստատվել ինչ-որ ժամանակահատվածով՝ օրինակ 24 ժամով, 48 ժամով կամ 72 ժամով:

«Բնական է ակնկալել, և այդպես էլ հուշում է միջնորդական ողջ գործիքակազմը, որ այդ ընթացքում նրանք պետք է մի կողմից այդ ձեռք բերածը փորձեն պահել, մյուս կողմից՝ կողմերի հետ բանակցությունների արդյունքում հասնել հրադադարի ամբողջականացմանը և պահպանմանը», – նշել է նա:

Ըստ վերլուծաբանի՝ զինադադարի հաստատումը, եթե պետք է լինի նոր փաստաթղթով, ապա այն պետք է լինի եռակողմ և պարունակի այդ թվում նաև ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության դրույթը միջազգային երաշխիքներով:

«Միջազգային երաշխիքների մեջ կարող են շատ հստակ և ժամկետներով ամրագրվել և անգամ պարտադրվել Ադրբեջանին այն ամենը, ինչ ունեինք Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և ժնևում», – նշել է նա:

Կարեն Բեքարյանը ողջունել է Մոսկվայի հանդիպումից առաջ Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների միջև տեղի ունեցած խորհրդակցությունները: «Հումանիտար զինադադարի հետ կապված Արցախը Հայաստանի միջոցով իր մտահոգությունները, իր համար տեսանելի մարտահրավերները կարող է փոխանցել, բայց երբ գործընթացը մտնի քաղաքական քննարկումների փուլ, պետք է փորձել առավելագույնս ապահովել Արցախի ներգրավվածությունը», – ընդգծել է նա:

Մանրամասները տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում