Եթե ադրբեջանական ուժերը չդադարեն պրովոկացիոն գործողությունները, ապա կարող են նրանց համար բավական լուրջ խնդիրներ առաջանան. քաղաքագետ

Եթե ադրբեջանական ուժերը չդադարեն պրովոկացիոն գործողությունները, ապա կարող են նրանց համար բավական լուրջ խնդիրներ առաջանան. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Եթե ադրբեջանական ուժերը չդադարեն պրովոկացիոն գործողությունները հրադադարի հաստատման ժամերին, ապա կարող են նրանց համար բավական լուրջ խնդիրներ առաջանան և՛ դիվանագիտական առումով, և՛ ռազմական դաշտում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Ավելի քան համոզված եմ, որ բանակցություններից առաջ քարոզչական նպատակներով Ալիևի արած հայտարարությունը, թե իբր գրավել են Հադրութը, ըստ էության, դժվար դրության մեջ է դրել Ալիևին՝ իր երկրի ներսում և ինչ-որ կերպ փորձում էին գոնե որոշակի ապացույցներ ունենալ՝ Հադրութ ադրբեջանական զորք մտցնելու մասին։ Չգիտեմ՝ մի քանի կադր պետք է արվեր, թե ինչ, դրանից հետո Ալիևը ստիպված է եղել արդարանալ իր հանրության առջև և, իմ պատկերացմամբ, ադրբեջանական զինուժը փորձում է փրկել իր երկրի ղեկավարի դեմքը»,- ասաց նա։

Քաղաքագետ նաև մանրամասնեց թշնամու կողմից հրադադարի չպահպանման դեպքում դիվանագիտական հատվածում և ռազմական դաշտում հետևանքները, որոնք կլինեն․ «Նախ՝ մեծ մարտական կորուստները առաջնագծում։ Ադրբեջանն արդեն առիթ ունեցել է համոզվելու, որ հարձակումը հայկական դիրքերի ուղղությամբ իրենց համար, որպես կանոն, ողբերգական ավարտ է ունենում։ Երկրորդ՝ դա դիվանագիտական մեկուսացման հնարավորությունն է։ Կարելի է ասել, որ այս պահի դրությամբ խաղի կոնին է դրված ՌԴ նախագահի հեղինակությունը»։

Ինչ վերաբերում է հրադադարի տևողությանը, Հրանտ Մելիք Շահնազարյանը նշեց․ «Հուսալով հանդերձ, որ երկարատև կլինի, այնուամենայնիվ պետք է փաստենք, որ դրա իրավական հիմքերը և առավել ևս փաստացի իրավիճակը ռազմաճակատում, ցավոք սրտի, թույլ չեն տալիս վստահ ասելու, որ այդ հրադադարն իսկապես երկարատև կլինի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում