Հադրութը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Հադրութը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից սկսել են մարտական գործողությունները: Այս մասին այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը Ադրբեջանը բացարձակ չի կատարել և չի էլ պատրաստվում կատարելու, ադրբեջանական ղեկավարության կողմից հայտարարություններն այն մասին, որ նրանք պատրաստակամ են եղել կատարելու պայմանավորվածությունները, կեղծիք են»,- ասաց նա և նշեց, որ ինչ-ինչ պատճառներով Ադրբեջանը փորձում է մշտապես ապակայունացնել իրավիճակը:

«Վաղ առավոտյան նորից սկսվել են հարձակողական գործողությունները երեք-չորս ուղղություններով, մասնավորապես՝ Մարտակերտի ուղղությամբ կիրառվել են նաև ծանր հրետանային միջոցներ,ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանական ԶՈւ ռազմաօդային ուժերը թուրքական օդուժի պատսպարմամբ, կիրառելով բազմատեսակ մարտական հարվածային ԱԹՍ-ներ, կատարել են նաև 36 մարտական թռիչք, որոնց ընթացքում հյուսիսային ուղղությամբ մեր հակաօդայիններին հաջողվել է խոցել մեկ ՍՈւ-25 գրոհիչ»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ օրվա ընթացքում մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ՝ զրահատեխնիկայի, հրետանու և այլ միջոցների կիրառությամբ: «Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն հետախուզական գործողությունները կասեցվել են, հակառակորդը հետ է շպրտվել, Հադրութ քաղաքը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ»,- ասաց նա և նշեց, որ մինչ ուշ ժամ մարտական գրոծողությունները շարունակվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում