Ադրբեջանցիները ԼՂ-ի վերաբերյալ հակապատերազմական կոչերով հանդես գալու համար հետապնդման են ենթարկվում հայրենիքում․ OC Media

Ադրբեջանցիները ԼՂ-ի վերաբերյալ հակապատերազմական կոչերով հանդես գալու համար հետապնդման են ենթարկվում հայրենիքում․ OC Media

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԼեռնային Ղարաբաղի հակամարտության վերսկսումից հետո խաղաղության կոչերով հանդես եկող ադրբեջանցի ակտիվիստներ Նարմին Շահմարզադեն և Գիյաս Իբրահիմովը հայտնել են, որ դատախազությունից իրենց հարցաքննության են կանչել, տեղեկացնում է OC Media-ն։

Ինչպես հաղորդում է աղբյուրը, Նարմին Շահմարզադեն օրերս Facebook-ում գրառում է կատարել այն մասին, որ Գիյաս Իբրահիմովին «տարել են մեքենայով», իսկ իրեն հեռախոսով ծանուցել են ոստիկանություն ներկայանալու մասին:

Նշվում է, որ գրառումից չորս ժամ անց Իբրահիմովն անձամբ է հրապարակել այն փաստաթղթի լուսանկարը, որով նրան հարցաքննության նպատակով դատախազություն են կանչել։

«Նրանք կրկին զանգահարեցին ինձ։ Հետաքրքիր է՝ հիմա ո՞ւմ ենք նեղացրել։ Նրանք չեն հասկանում, որ ես քաղաքական փախստական չեմ դառնա։ Եթե դուք ուզում եք ինձ ձերբակալել, ես ասում եմ՝ արեք այն, ինչ ուզում եք»,- գրել է նա։

Երկու ադրբեջանիցի երիտասարդները Լեռնային Ղարաբաղում Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ աշխարհի կողմից խաղաղության կոչ անող հայտարարության հարյուրավոր ստորագրողների թվում են։

Նշվում է, որ ավելի վաղ արված գրառումներում Իբրահիմովը հայտնել է, որ իրեն «հետապնդում են իր հակապատերազմական հայացքների համար կամ ինչ-որ այլ պատճառով»։

Հոկտեմբերի 7-ին նա OC Media-ին հայտնել էր, որ նաև սպառնալիքներ է ստանում «ԼՂ-ում էսկալացիայի երկրորդ օրվանից»:

Մի քանի այլ երիտասարդ ադրբեջանցի ակտիվիստների, որոնք ստորագրել են ԼՂ-ում խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունը, նույնպես արձանագրել են, որ առցանց ճնշումների և սպառնալիքների են ենթարկվում։

Ակտիվիստուհիներից Ջալե Բայրամովան OC Media-ին պատմել է, որ իրեն մեղադրել են համացանցում նման գործունեության դիմաց օտարերկրյա կազմակերպություններից դրամաշնորհներ ստանալու համար․ Համիդա Գիյասբեյլին սպառնալիքների և վիրավորանքների ևս մեկ թիրախ է դարձել՝ պատմելով, որ իրեն վիրավորել և ծաղրել են Facebook-ի մի քանի գրառումներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում