Ղարաբաղյան կարգավորման բանակցային ամբողջական փաթեթի ամենակարևոր բաղկացուցիչը եղել է կարգավիճակի խնդիրը. Կարեն Բեքարյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ձևավորված բանակցային բազայի ներքո Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում հստակությունն ունի յուրահատուկ կարևորություն և անհրաժեշտություն: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հատուկ թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
Նրա խոսքով՝ Լավրովը, խոսելով վերջին տարիներին ձևավորված բանակցային բազայի մասին, Ղարաբաղի կարգավիրճակի որոշման հարցը ինչ-որ իմաստով թողեց փակագծերի մեջ, ինչը շահարկումների տեղիք տվեց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, մասնավորապես Ալիևին, և ոչ միայն:
«Ալիևն այս օրերին փորձում է միջազգային հանրությանը մոլորեցնել՝ ասելով, թե իբր իր մոտեցումները, իր սպասումները բանակցային գործընթացից ընկալելի են միջազգային հանրությանը, և դա եղել է տարիներ շարունակ: Եվ անգամ, երբ հարցը վերաբերում է նույն Ղարաբաղի կարգավիճակին, նա մեղմորեն շրջանցում է այս խնդիրը՝ փորձելով այն վերաձևակերպել որպես Արցախի տարածքում երկու համայնքների խաղաղ ապրելու խնդիր», – նշել է Կարեն Բեքարյանը:
Ըստ վերլուծաբանի՝ ՀՀ նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի օրերս հրապարակված հեղինակային հոդվածը, որը կետ առ կետ, ամենայն մանրամասներով, ներկայացրել է բանակցային գործընթացի ընթացքը՝ Մադրիդյան սկզբունքների ի հայտ գալուց մինչև նրանց վերջին վիճակը, որը կարելի է անվանել ժառանգություն, ուղղակի պատասխանն էր բոլոր նրանց, ովքեր փորձում են շահարկել, մանիպուլյացիաների ենթարկել բանակցային գործընթացի նախորդ փուլերը:
Ինչպես իր փաստագրական հոդվածում ներկայացրել է նախկին ԱԳ նախարարը, բանակցային ամբողջական փաթեթի ամենակարևոր բաղկացուցիչը կարգավիճակի խնդիր էր:
«Կարգավորումը պետք է հիմնված լիներ երեք հիմնարար սկզբունքների վրա՝ ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն, – նշել է Կարեն Բեքարյանը: – Եվ արդեն որպես այս սկզբունքներից բխող տարր, միջնորդ երկրների կողմից բոլոր մակարդակներով արված հայտարարություններում ամրագրվել է հանրաքվեով Արցախի կարգավիճակի որոշումը՝ ներառյալ լիակատար անկախությունը և դրա միջազգային ճանաչումը»:
Մանրամասները տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում