«Կարող են լուրջ հետևանքներ լինել». С-400 համակարգերի փորձարկման մասին լուրերի ֆոնին ԱՄՆ-ն նախազգուշացում է արել Անկարային

«Կարող են լուրջ հետևանքներ լինել». С-400 համակարգերի փորձարկման մասին լուրերի ֆոնին ԱՄՆ-ն նախազգուշացում է արել Անկարային

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՎաշինգտոնը Թուրքիային նախազգուշացրել է ի հեճուկս ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի Ռուսաստանից ձեռք բերված С-400 հակահրթիռային համակարգերի փորձարկման հարցով, հայտնում է Al Arabiya-ն՝ հիշեցնելով, որ նախօրեին Թուրքիայի սևծովյան ափից, որտեղ պետք է տեղի ունենա С-400-ի փորձարկումը, հրթիռ է արձակվել երկինք:

«Եթե տեղեկությունը հաստատվի, մենք ամենախիստ ձևով կդատապարտենք С-400-ի փորձարկումը, ինչն անհամատեղելի է Թուրիքայի՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր ստանձնած պարտավորություններին»,-հայտարարել է Պետդեպի խոսնակ Մորգան Օրտագուսը:

Վերջինս հավելել է, որ Միացյալ Նահանգները տեղյակ է շրջանառվող լուրերից և որ Վաշինգտոնն ամենաբարձր մակարդակներով թուրքական կառավարությանը հայտնել է, որ ռուսական համակարգերի գնումն անընդունելի է:

«Միացյալ Նահանգները հստակ է իր ակնկալիքներում առ այն, որ С-400 համակարգը չպետք է գործառականացվի: Բացի այդ, մենք հստակ նշել ենք, որ Թուրքիայի կողմից համակարգի ակտիվացման դեպքում, անվտանգության ոլորտում մեր հարաբերությունների համար կարող են լուրջ հետևանքներ լինել»,- եզրափակել է խոսնակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում