Իսրայելում ակցիա է անցկացվում Ադրբեջանին զենք վաճառելու դեմ

Իսրայելում ակցիա է անցկացվում Ադրբեջանին զենք վաճառելու դեմ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Իսրայելում ցույց է անցկացվում Ադրբեջանին զենք վաճառելու դեմ, որը ներառում է Հայֆայից Երուսաղեմ ավտոերթով և Կնեսետի դիմաց ակցիայի կազմակերպում: «ՌԻԱ նովոստի»-ն փոխանցում է կազմակերպիչների խոսքերն այն մասին, որ ակցիային մասնակցում են տասնյակ մեքենաներ և մի քանի հարյուր մարդ:

«Մենք դիմում ենք Իսրայելի կառավարությանը խնդրանքով և պահանջով, և սա արդեն պահանջ է, ոչ թե խնդրանք, որ նրանք դադարեցնեն զենք մատակարարել Ադրբեջանին: Քանի որ մենք գիտենք, որ իսրայելական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը ծառայում են Ադրբեջանին և օգտագործվում են Արցախի քաղաքացիական բնակչության դեմ»,- «ՌԻԱ նովոստի»-ին ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Արմինա Խանյանը:

Ակցիային մասնակցող մեքենաները պատված են Հայաստանի ազգային դրոշի գույներով: Հանրահավաքին մասնակցում են Իսրայելի հայ համայնքի անդամները: Կազմակերպիչները «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են, որ այն Իսրայելի կառավարության վրա ճնշում գործադրելու նախատեսված մի շարք միջոցառումների սկիզնբ է, որոնց նպատակը Ադրբեջանին իսրայելական զենքի և ռազմական տեխնոլոգիաների մատակարարումը դադարեցնելն է:

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է խորհրդատվությունների համար Իսրայելից իր դեսպանին հետ կանչելու մասին՝ այդ երկրի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում