Հանուն Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և ողջ աշխարհում խաղաղության՝ միջազգային աղոթք կարվի, կմասնակցի նաև Հռոմի պապը

Հանուն Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և ողջ աշխարհում խաղաղության՝ միջազգային աղոթք կարվի, կմասնակցի նաև Հռոմի պապը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՀռոմի Ֆրանցիսկոս պապը և աշխարհի մյուս հոգևոր առաջնորդները կմիավորվեն հոկտեմբերի 20-ին՝ միասին աղոթելու հանուն խաղաղության:

Ինչպես հայտնում է Վատիկանի մամլո ծառայությունը, երեքշաբթի Ֆրանցիսկոս պապը կմասնակցի միջազգային Խաղաղության աղոթքին, որը տեղի կունենա «Ոչ ոք չի կարող փրկվել միայնակ. խաղաղություն և եղբայրություն» խորագրով:

Միջազգային աղոթք անցկացնելու նախաձեռնությունը Հռոմում գործող Սուրբ Էջիդիո համայնքինն է: Հռոմի Սուրբ Մարիամի բազիլիկում անցկացվելիք միջոցառմանը կմասնակցեն բազմաթիվ քրիստոնեական դավանանքների ներկայացուցիչներ: Աղոթքին կհաջորդի միջկրոնական արարողություն, որը տեղի կունենա Միքելանջելոյի հրապարակում:

Միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի 8 լեզուներով համայնքի տարբեր լրատվական ալիքներով և սոցցանցերով:

Միջազգային խաղաղության աղոթքը կնվիրվի «Քովիդ-19»-ի պատճառով մահացածների հիշատակին, ինչպես նաև պատերազմական իրավիճակներում գտնվողներին:

«Պատմության դժվարին պահ ենք ապրում ոչ միայն համավարակի պատճառով, այլև հին և նոր պատերազմների, որոնց թվում են 10 տարի տևած սիրիական պատերազմը և Լեռնային Ղարաբաղում ընթացող ներկայիս պատերազմը: Եվրոպայի հենց սրտից աշխարհի համար խորհելու, աղոթելու հանդիսավոր առիթ կստեղծվի. հույսի ուղերձ ապագայի համար՝ հանուն Խաղաղության»,– ասվում է Վատիկանի հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում