Հայաստանը կճանաչի՞ Ղարաբաղի անկախությունը. հարցազրույց

Հայաստանը կճանաչի՞ Ղարաբաղի անկախությունը. հարցազրույց

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԵթե պարզ դառնա, որ Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանը ոչ մի դեպքում չի գնալու բանակցությունների ճանապարհով, ապա այդ դեպքում, բնականաբար, Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը, ռուսական «Коммерсантъ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Коммерсантъ – Վաղուց քննարկվում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու հնարավորությունը: Ի՞նչ պայմաններում կարող է դա տեղի ունենալ:

Արմեն Սարգսյան – Սա և՛ պարզ, և՛ բարդ հարց է միաժամանակ: ԽՍՀՄ-ի վերջին օրերին, երբ ԼՂ ժողովուրդը հանրաքվեով հայտարարեց ազատ ապրելու և իր կյանքը, պատմությունը, ժառանգությունն ու մշակույթը տնօրինելու ցանկության վերաբերյալ, Հայաստանի Գերագույն խորհուրդը կողմ քվեարկեց դրան: Բայց հետո գործընթացը կասեցվեց: Հայկական կողմը հայտարարեց. «Որպեսզի գործընթացը չբարդանա, մենք կասեցնում ենք Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը, կխոսենք և վերջնարդյունքում կպայմանավորվենք Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ»: Այսինքն, Հայաստանի կողմից ԼՂ անկախությունը չճանաչելը կապված է միայն նրա հետ, որ հայկական կողմը ցանկանում է հարցը կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով: Սա մի թունել է, եւ եթե այդ թունելի վերջում լույս է երևում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու խաղաղ կարգավորման լույսը, ապա մենք կարող ենք էլի սպասել: Իսկ եթե լույս չկա, այսինքն՝ եթե պարզ դառնա, որ Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանը ոչ մի դեպքում չի գնալու բանակցությունների ճանապարհով, Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը,

Коммерсантъ -Այսինքն՝ դեռ լույս կա՞:

Արմեն Սարգսյան – Ես պատրաստ եմ անել ինձնից կախված ամեն բան, որպեսզի հրադադարի հաստատման գործընթացի սկսվի: Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են սկսել գործել, եթե երկու կողմն էլ ցանկանա, որ դրանք աշխատեն: Կարիք չկա ապացուցելու, որ հայկական կողմը պատրաստ է գնալ այդ ճանապարհով: Եվ եթե ադրբեջանական կողմը հայտարարի, որ իրենց պատրաստ են հրադադարի և պատրաստ են շարունակել բանակցությունները, ապա հույս կլինի: Ես շատ կցանկանայի, որ թունելի վերջում լույսը չմարեր: Հակառակ դեպքում՝ Աստված օգնական բոլորին, որովհետև այդ ժամանակ պատերազմը կարող է լրիվ այլ պատերազմի վերածվել: Մոտավորապես այնպիսին, ինչպիսին՝ Սիրիայում: Դա շատ ավելի ողբերգական ու լայնամասշտաբ պատերազմ կլինի:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում