Անահիտ Բախշյանը՝ ԱՄՆ դեսպանատանը. Ձեր լռությունն ու անտարբերությունը չեք մարսելու

Անահիտ Բախշյանը՝ ԱՄՆ դեսպանատանը. Ձեր լռությունն ու անտարբերությունը չեք մարսելու

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց այսօր մի քանի հայաստանցիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով աչք չփակել Արցախում Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի ու դրա հետևանքների վրա։

Հասարակական, քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը դեսպանատան շենքում նստած ու մոնիտորինգ անող աշխատակիցների համար հայտարարեց՝ ակցիայի մասնակիցները փոքրաթիվ չեն։

«Մեր երկրի մարդիկ այսօր տարբեր տեղերում իրենց աշխատանքն են կատարում, այնքան տեղերում է նրանց ներկայությունը պարտադիր։ Նրանք այսօր ՄԱԿ-ի գրասենյակի, ԵՄ ներկայացուցչության դիմաց են։ Մենք եկել ենք այստեղ ասելու՝ ձեր լռությունն ու անտարբերությունը չեք մարսելու։ Ես ուզում եմ ասել՝ ուշքի եկեք, խելքներդ գլուխներդ հավաքեք, քանի դեռ տեռորիզմը նորից ձեր երկիր չի եկել»,-ասաց նա։

Տիկին Բախշյանը հիշեցրեց, ԱՄՆ-ն ահաբեկչություն տեսած պետություն է, և չպետք է թույլ տա նոր ահաբեկչություններ աշխարհում։

Ակցիայի մասնակիցները պահանջեցին դեսպանատան ներկայացուցչի հետ հանդիպում։

«Մեր հողի վրա նստել ու մոնիտորից այն կողմ հետևել մեզ, չտալ մեր հարցերի պատասխանը, վիրավորանք է։ Ձեր լռությունը մենք ընդունում ենք Թուրքիայի ու Ադրբեջանի գործողություններին համաձայնություն։ Եթե դուք այստեղ չեք զբաղվում լրտեսությամբ ու տեղեկությունների տրամադրմամբ, ասեք ձեր ներկայացուցչին, թող դուրս գա և հանդիպեն մեզ հետ»,-ասաց ակցիայի մասնակից մի կին։

Դրանից հետո ակցիայի բոլոր մասնակիցները միաձայն վանկարկում էին՝ «դուրս եկեք, դուրս եկեք»։

Ավելի ուշ դեսպանատան ներկայացուցչի հետ հանդիպումից հետո ակցիայի մասնակիցները հայտարարեցին՝ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչն այսօր պատրաստվում է զեկուցագրով հանդես գալ և Վաշինգտոնին ներկայացնել Արցախում տիրող իրադրությունը։

Ակցիայի մասնակիցները դեսպանատան աշխատակցին ցույց են տվել ադրբեջանցիների՝ հայ գերուն գլխատելու տեսանյութը, նաև պահանջել են, որ ԱՄՆ-ն դադերեցնի զենք վաճառել Թուրքիային։

Հետևեք մեզ նաև Telegram-ում