«Դա մեծ ջանքեր չի պահանջում». Լավրովը կոչ է արել ԼՂ շուրջ իրավիճակն ավելի չլարել

«Դա մեծ ջանքեր չի պահանջում». Լավրովը կոչ է արել ԼՂ շուրջ իրավիճակն ավելի չլարել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերջ տալ ռազմական հռետորաբանության ավելացմանն ու դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Լավրովն այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

ՌԴ գլխավոր դիվանագետն ընդգծել է, որ ԵԽ գործընկերներին տեղեկացրել է այն մասին՝ ինչպես է Ռուսաստանը տեսնում ԼՂ շուրջ իրավիճակը և ինչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:

«Վստահ ենք, որ հիմա ամենակարևորը և, հավանաբար, դա մեծ ջանքեր չի պահանջում, կողմերի միջև, ինչպես նաև պատասխանատու միջազգային խաղացողների գծով անհապաղ ռազմական հռետորաբանության ավելացման դադարեցումն է: Դա ինչ-որ մեծ ջանքեր չի պահանջում: Հաջորդ միանգամայն անհրաժեշտ քայլը, որը պետք է ձեռնարկվի ռազմական հռետորաբանության ավելացման դադարեցման հետ միաժամանակ, ռազմական գործողություններին, քաղաքացիական օբյեկտներին հարվածներին վերջ տալն է»,- ընդգծել է Լավրովը:

Նշենք, որ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում, հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություններ ունեն Եվրոպայի խորհրդի առջև՝ իրենց տարածքներում մարդու իրավունքների պահպանման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։

«Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամներ են։ Երկու երկրներն էլ մեր կազմակերպության առջև հանձնառություն են ստանձնել հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Երկու երկրները նաև պարտավոր են պահպանել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Այդ տարածքում մարդու իրավունքների պահպանումը կենսական կարևոր և իրավական պարտավորություն է», – ասել է նա։

Մարիա Պեյչինովիչ Բուրիչի խոսքով՝ «անկախ քաղաքականությունից, այնտեղ ապրող մարդիկ պետք է ակնկալեն մարդու նույն իրավունքները, ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը, ինչ Եվրոպայի ցանկացած այլ բնակիչ։

«Ազգային իշխանությունները պարտավոր են ապահովել դա։ Եվ Եվրոպայի խորհուրդը պետք է անարգել մուտք ունենա այդ տարածքներ, որպեսզի մենք կարողանանք գնահատել իրավիճակը և հնարավորինս օգնել»,-ասել է ԵՄ պաշտոնյան։

ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ հակամարտությունների և տարածքային վեճերի կարգավորումը չի մտնում կազմակերպության լիազորությունների մեջ: Սակայն ընդգծել է, որ մարդու իրավունքների պահպանման խնդրի կարգավորումը դարձրել է այդ պաշտոնում իր մանդատի առաջնահերթություններից մեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում