«ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի»․ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ

«ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի»․ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: 1999-2001-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն Al Jazeera-ում հրապարակված «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի» վերտառությամբ հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ լճացած խաղաղ գործընթացը քաղաքական խոշոր իրադարձությունների ֆոնին, ինչպիսիք են՝ համավարակը, ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները, ճգնաժամը` Բելառուսում, որոնք շեղել են ԵԱԿՀ Մինսկի խմբի երկրներին՝ Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին և Ֆրանսիային, հող են նախապատրաստել սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների բռնկման համար:

Քերի Քավանոյի խոսքով՝ «այսօր Հայաստանն ու Ադրբեջանը կանգնած են ռազմական գործողությունների կտրուկ սրման եզրին, որը կհանգեցնի մարդկային ավելի մեծ տառապանքների և արտաքին տերությունների զգալի ռազմական միջամտություն հրահրելու ռիսկերի»՝ պնդելով, որ թեև Ռուսաստանի և Թուրքիայի միջև խոշոր բախումը քիչ հավանական է, մտահոգություն կա, որ ԼՂ-ում, ինչպես Սիրիայում, այդ երկու երկրների միջև կարող է միջնորդավորված պայքար սկսվել։

Քավանոն ընդծում է, որ Ալիևը, Թուրքիայի աջակցությամբ, շարժվել է ռազմական լուծման՝ դիմագրավելով մարտական գործողությունները դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կոչերին։

«Նախագահ Ալիևը պետք է իմանա, որ ռազմական գործողությունները, թեև, հնարավոր է, քաղաքականապես ձեռնտու են երկրի ներսում կարճաժամկետ հեռանկարում, չեն հանգեցնի ոչ հայերի դուրսբերման ժամանակացույցին, ոչ էլ ներողությանը, էլ չենք խոսում խաղաղություն հաստատելու մասին։ Բանակցությունների հենց սկզբից պարզ էր, որ Լեռնային Ղարաբաղից զորքերի դուրսբերումը չի կարող տեղի ունենալ առանց տեղի՝ մեծամասնությամբ հայ բնակչության անվտանգության մասին համաձայնեցված դրույթների, ինչպես նաև տարածաշրջանի ապագա քաղաքական կարգավիճակի որոշման վերաբերյալ փոխադարձ համաձայնության»,- նշում է նա։

Նախկին համանախագահի հավաստմամբ՝ տարածաշրջանի համար խաղաղության ճանապարհն անցնում է դիվանագիտությամբ։ Խոսակցությունը, այլ ոչ թե մարտական գործողությունները հնարավորություն կտան կասնել կայուն կարգավորման։

«Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ՝ ես դրա ապացույցները տեսել եմ անձամբ։ Հայերի և ադրբեջանցիների միջև բանակցությունների հիման վրա խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են երեք տարբեր բաղադրիչներ. առաջնորդների՝ փոխզիջումային լուծման վրա համատեղ աշխատելու պատրաստակամություն, նման կարգավորման մշակման հարցում միջազգային աջակցություն և դրա հետագա իրականացում, ինչպես նաև տեղի բնակչության նախապատրաստումը նման փոխզիջման ընդունմանը»,- նշում է նա՝ հավելելով, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է իսկական փոխզիջում, որն իր հետևից կբերի ցավոտ քաղաքական զիջումներ բոլոր կողմերից, և այդ հիմքի վրա բանակցություններ վարելու պատրաստակամություն։

Նրա խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելը հեշտ չի լինի։ Դա հայ և ադրբեջանցի առաջնորդներից կպահանջի քաղաքական խիզախություն, որպեսզի վերջ դնեն ռազմական գործողություններին, հանձնառություն ստանձնեն բովանդակալից, փոխշահավետ բանակցություններ վարելու և իրենց ժողովուրդներին համոզելու համար, որ նման մոտեցումը կարող է ապահովել խաղաղություն, որին նրանք այդքան արժանի են»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում