«Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները անորոշ իրավիճակում են

«Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները անորոշ իրավիճակում են

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Բարձրագույն դատական խորհուրդը դիմելու է Ազգային ժողովի խմբակցություններին՝ առաջարկելով նրանց հանդիպում կազմակերպել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների հետ: Դիմելով խմբակցություններին՝ ԲԴԽ-ն որոշել է պարզել՝ արդյոք այս իրավիճակում խմբակցությունները ցանկություն ունեն հանդիպել դատավորի թեկնածուներին:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներն են Արսեն Մկրտչյանը, որն այժմ զբաղեցնում է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագայի պաշտոնը, ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցը և Սյունիքի մարզի դատախազ Սամվել Գրիգորյանը: Եվ, ահա, ըստ ընդունված կարգի՝ խորհրդարանական խմբակցությունները պետք է հերթով հանդիպումներ ունենան դատավորի թեկնածուների հետ, լսեն նրանց և ապա որոշում կայացնեն, թե ինչպես են քվեարկելու: Սակայն այս իրավիճակում չի բացառվում, որ խմբակցություններն անգամ ցանկություն չհայտնեն հանդիպելու նրանցից որևէ մեկի հետ: Այդ դեպքում թերևս նրանց ճակատագիրն անորոշ կմնա, և վերջնական որոշումն էլ կկայացվի հենց խորհրդարանում նրանց ելույթներից և հարցուպատասխանից հետո: Ինչևէ, դատավորի թեկնածուները ևս անհամբեր սպասում են, թե ինչ կորոշվի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում